Շնչառական վարակները նահանջում են

Վերջին օրերին Հայաստանում  շնչառական  վարակներով  հիվանդությունների  նվազում է նկատվում։  Այս մասին  լրագրողների  հետ հանդիպման ընթացքում  ասաց ՀՀ Առողջապահության նախարարության  աշխատակազմի  հիգիենիկ և  հակահամաճարակային  տեսչության  վարակիչ և ոչ վարակիչ  հիվանդությունների  բաժնի պետ  Լիլիթ Ավետիսյանը։  Նրա խոսքով՝ նվազել է նաև հիվանդության բարդացած  դեպքերի թիվը։  Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ  այժմ Հայաստանում  համաճարակ չկա, կա միայն սեզոնային բռնկում։  Մասնագետի  խոսքով՝ այժմ  Հայաստանի  մարզերում  սուր շնչառական  վարակներով  277  հիվանդ  է հոսպիտալացված, թոքաբորբով՝ 125։ Երևանում  թվերը  մի փոքր ավելի  բարձր են։  Իսկ շնչառական  վարակներով  340 հիվանդ  է հոսպիտալացված, թոքաբորբով՝ 118։ Լիլիթ  Ավետիսյանն ասաց, որ  նախարարության  առաջարկով  երկարաձգվել են  դպրոցական  արձակուրդները,  քանի որ այս շրջանում  հիվանդությունն  ավելի շատ  գրանցվում է  դպրոցահասակ  երեխաների մոտ։ Մանկապարտեզներում հաճախումները  դադարեցնելու  անհրաժեշտություն  չի եղել։  Անդրադառնալով  վերջերս Տավուշի մարզում 7-ամյա  աղջկա մահվան  դեպքին՝ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ  նրա մոտ Ա գրիպ է  հայտնաբերվել։  Լիլիթ  Ավետիսյանն ասաց,  որ աղջկա  հարազատները  նրան շատ ուշ  են տարել  հիվանդանոց,  երեխան մոտ 1 ամիս  հիվանդ է եղել։  Բացի այդ, ըստ Լիլիթ  Ավետիսյանի՝  աղջիկն ունեցել է  նաև ուղեկցող  հիվանդություն։

Լիլիթ Ավետիսյանը նաև ասաց,  որ շատ  դժվար է  գրիպի  դեմ  պատվաստանյութ  պատրաստել, քանի որ վարակն  անընդհատ  փոփոխվում է։

Տեսանյութեր

Լրահոս