
Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականի բախտը չբերեց

Հայաստան – Չեխիա (0։3) հանդիպումից հետո խաղը մեկնաբանել է հյուրերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը։
«Ես արդեն ասել էի, որ լավ ուսումնասիրել եմ Հայաստանի հավաքականի խաղաոճը: Գիտեինք, որ Հայաստանի ընտրանու հարձակման գիծը շատ ուժեղ է, և լավ էինք պաշտպանվում: Ուրախ եմ, որ կարողացանք հաղթել 3:0 հաշվով»,- Հայաստան – Չեխիա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
«Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա դա կորոշվի առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում»,- նկատեց Բիլեկը, ով հանդիպումից առաջ ասել էր, որ անհաջողության դեպքում հրաժարական կտա:
Չեխիայի ընտրանու մարզիչը չցանկացավ առանձնացնել որևէ ֆուտբոլիստի: «Սա թիմային խաղ է և ես սովորաբար չեմ առանձնացնում կոնկրետ ֆուտբոլիստի: Հաղթեց ամբողջ թիմը: Հայաստանի հավաքականը նույնպես լավ խաղաց, բայց նրանց բախտը չբերեց»:
Բիլեկն անդրադարձավ նաև թիմերի հնարավորություններին. «Մրցաշարի ավարտին դեռ երկար ժամանակ կա, բազում խաղեր կան առջևում: Երկու թիմերն էլ երկար ճանապարհ ունեն անցնելու և դեռ վաղ է խոսել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու մասին»,- ասաց Չեխիայի հավաքականի մարզիչը ու հրաժարվեց պատասխանել մրցավարության հետ կապված հարցերին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը