Բորիս Բերեզովսկուն կարող են սպանած լինել բրիտանական հատուկ ծառայությունները. Daily Mail
Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ բրիտանական ոստիկանության նախնական եզրակացությամբ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահացել է շնչահեղձությունից, սակայն նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:
Թերթին տված հարցազրույցի ժամանակ կրեմլամետ հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ ժամանակակից հատուկ ծառայությունների զինանոցում առկա են բազում նյութեր, որոնք կարող են հանգեցնել սրտի և ուղեղի կաթվածների:
Թերթն ընդգծում է, որ բժիշկները չեն կարող մարդու օրգանիզմում ախտորոշել այդ նյութերի հետքերը, ինչի համար էլ հիմքեր կան չվստահելու բրիտանական հատուկ ծառայություններին:
Մարկովը հայտարարել է. «Ես չեմ կարող պնդել, որ սպանությունն իրականացվել է նրանց կողմից, ովքեր վախեցել են, որ Բորիս Բերեզովսկին կարող էր վերադառնալ Ռուսաստան և անցնել Պուտինի կողմը:
Ես չեմ բացառում, որ հատուկ ծառայությունները կարող են ներքաշված լինել այդ հանցագործության մեջ: Նրանք կարող էին վախենալ, որ մեծ քանակությամբ վարկաբեկող տեղեկատվության տիրապետող օլիգարխը կարող էր դա հանձնել ռուսական իշխանություններին, ինչի համար էլ որոշել են ձերբազատվել նրանից»:
Բրիտանական թերթը կասկած է հայտնում ռուս օլիգարխի ինքնասպան լինելու վարկածի կապակցությամբ: Բերեզովսկին մահացել է (կամ սպանվել է) մարտի 23-ին: