«Ժողովուրդը պարզապես չի ցանկանում այլևս ապրել իշխանությունների ճշտով». Լյովա Խաչատրյան (տեսանյութ)

«Այն իրավիճակը, որն այսօր իսկապես ստեղծվել է երկրում, դա տեղավորվում է հետընտրական գործընթացների և տրամադրության մեջ»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Վերջինս խոսեց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման և նրանց նամակագրության մասին` նշելով. «Այսօր մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք («մենք» ասելով` նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը), որպեսզի կարողանանք համախմբել մեր ուժերը և առարկայական, կոնկրետ բանակցությունների, երկխոսության արդյունքում որոշենք մեր անելիքը: Դրա մասին էր նաև խոսում նախագահը, երբ հորդորեց, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, գա, նստի սեղանի շուրջ, թուղթ ու գրիչով արդեն իսկ առարկայական փորձենք զրուցել բոլոր այս խնդիրների մասին: Կարծում եմ` սա ավելի իրատեսական և ռացիոնալ էր»:

Իսկ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում ներկայացված պահանջներից մի քանիսի, մասնավորապես՝ 5 մարզպետների և կառավարությունում մի քանի նախարարների պաշտոններում Ր. Հովհաննիսյանի ներկայացրած անձանց նշանակելու մասին` Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, թե, ըստ նրա, այս փուլում այնքան էլ ճիշտ չէ նման պահանջներ ներկայացնելը:

Հարցի վերաբերյալ, ինչպես միշտ, ավելի օրիգինալ պատասխան էր նախապատրաստել ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Ես չեմ ցանկանում կարծիք հայտնել մի բանի մասին, որը ո՛չ շոշափելի է ինձ համար, ո՛չ տեսանելի: Դիրքային պայքար է գնում, ինչո՞վ կավարտվի, կերևա մոտակա օրերին: Առայժմ ոչ մի կոնկրետ բան չեմ տեսնում, միայն կարող եմ եզրակացնել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Կարդացեք նաև

168.am-ը հետաքրքրվեց պարոն Խաչատրյանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահական արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման պահանջն արդյոք կոնկրետ չէ՞:

«Խոսքը պահանջի մասին չէ, կոնկրետ առարկայական ինչ-որ համաձայնության մասին է»,- ի պատասխան՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Դե, հիմա ասում եմ. մեկը մի բան է ասում, մյուսը մի բան կասի, բայց երբ կլինի այն ժամանակը, երբ ինչ-որ համաձայնություն կլինի և կներկայացվի հասարակությանը… Կարծում եմ` ոչ թե Րաֆֆին կամ «Ժառանգությունն» է ուղղորդում ժողովրդին, այլ ժողովուրդը պարզապես չի ցանկանում այլևս ապրել և առաջնորդվել ճշտով, ինչպես, ասենք, իշխանությունները մինչ այժմ կառավարել են: Ուզում է Սահմանադրությամբ, օրենքով: Ճշտով` այն հասկացողությամբ, որը գոյություն է ունեցել, և հասկանում ենք` ինչի մասին է խոսքը: Ուզում է այսուհետ ապրել Սահմանադրությամբ և օրենքներով, սա է խնդիրը: «Ժառանգությունն» էլ՝ ժողովրդի հետ միասին, Րաֆֆին, նստել են այնտեղ ու սխալ բան չեն թույլ տալիս, «промох» չեն տալիս, որ, ինչպես նախորդներին, մաքրեն հրապարակը»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս