«Միացում». վավերագրական ֆիլմ ՝ նվիրված Լաչինի ազատագրման 20-ամյակին
10 օպերատորների՝ Արցախյան հերոսամարտից անմահացրած կադրերի արդյունքում ծնվեց ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի «Միացում» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը պատմում է հայ ժողովրդի անցած ուղու, Արցախյան շարժման, հերոսների անկոտրում կամքի ու կրած զրկանքների մասին: 6 ամիս տևած ստեղծագործական աշխատանքի արդյունքում՝ ֆիլմն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի էկրանից հանձնվեց հանդիսատեսի դատին: «Ես մասնակցել եմ Արցախյան շարժմանը՝ որպես լրագրող-ռեժիսոր: Արդյունքում՝ ինձ մոտ հավաքվեց պատերազմի դաշտից, մարդկանց այդ ժամանակվա կենցաղից, կյանքից ու ապրելակերպից մի հսկայական նյութ, որն ես մտադրություն ունեի ֆիլմի վերածելու: Այդ ամենի արդյունքում, 2000թ. ստեղծեցի մի ֆիլմաշար, որ կոչվում էր «Խոնարh հերոսներ» : Ֆիլմաշարը պատմում էր Արցախյան շարժման ընթացքում նահատակված 30 հերոսների մասին: Այնուհետև նկարահանեցի «Շուշիի լեգենդը» ֆիլմը, որը պատմում էր Շուշիի ազատագրման մասին: Միշտ մտադրություն ունեի մի ֆիլմ նկարահանել Լաչինի ազատագրման և մայր հայրենիքին միացման մասին, որը «Միացում» ֆիլմի տեսքով կյանքի կոչվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Ս. Թադևոսյանը: Ինչպես իր խոսքում նշեց ռեժիսորը, ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվում էին երիտասարդ մասնագետների օգնությամբ: Ֆիլմի կոմպոզիտորը 16-ամյա Նորայր Հարությունյանն է, ով իր մասնագիտական առաջին քայլերն է կատարում: «Ես որևէ երաժշտական դպրոց չեմ հաճախել, միայն հիմա Ռալֆ Յիրիկյանի շնորհիվ հնարավորություն ունեմ անհատական դասընթացներ վերցնելու, ինչն ինձ շատ է օգնում: Ֆիմի համար երաժշտություն գրեցի այն բանից հետո, երբ Սամվել Թադևոսյանը մի օր մեր տանը լսեց իմ աշխատանքներից ու առաջարկեց համագործակցել իր հետ: Դա ինձ համար մեծ հնարավորություն էր՝ առաջ գնալու, իմ ուժերն այս ոլորտում փորձելու համար: Բացի այդ, ֆիլմի թեման ինձ ոգևորեց, այն ինձ համար շատ հոգեհարազատ և կարևոր է»,- ասաց Ն. Հարությունյանը:
Ֆիլմը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ռեժիսոր Ս. Թադևոսյանը, արդեն ստացել է Կանադայի միջազգային փառատոներին մասնակցելու երկու հրավեր: «Ֆիլմը նաև ներկայացնելու ենք «Նուռ», «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոներին, ապա այն կցուցադրվի նաև մեծ էկրաններին»,- ասաց Ս. Թադևոսյանը: