«Միակ դեպքը, երբ Սերժ Սարգսյանը ճիշտ է խոսել»՝ ըստ Ա.Կարապետյանի
Նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը, հայտարարել էր. «Մի՛ հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում թե հանրահավաքներում, խոհանոցներում թե թատրոններում, միևնույն է, մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել` Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, թե «սա միակ ճիշտ դեպքն էր, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է խոսել»: Մեր դիտարկմանը, թե համամի՞տ եք Ս. Սարգսյանի հետ, Ա. Կարապետյանն արձագանքեց. «Համամիտ չեմ, ուղղակի գիտեմ, որ այդպես է եղել, իսկ ես գիտեմ, որովհետև այդ ժամանակ այնտեղ եմ եղել: Որքան ես գիտեմ, որևէ պահանջ որևէ ձևով որևէ խնդրի՝ չի առաջադրվել Սերժ Սարգսյանի առջև»:
Իսկ դա, ըստ Արամ Կարապետյանի, այնքան էլ լավ չէ, քանի որ ստացվում է, որ Հայաստանն անհետաքրքիր է դառնում խոշոր պետությունների համար: «Մարդիկ զբաղված են շատ ավելի մեծ, ավելի լուրջ գործերով: Այն, որ մենք գեոքաղաքական պետությունների համար կորցնում ենք մեր հետաքրքրությունը, դա նշանակում է, որ ինչ-որ բան լինելու է տարածաշրջանում: Աստված չանի՝ մեզ հետ լինի, բայց տարածաշրջանում լինելու է»:
Արամ Կարապետյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: