ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրել են ռազմական նոր արձանագրություն
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ուրբաթ ստորագրել են ռազմական նոր արձանագրություն: Վերջինս երկու երկրներին հնարավորություն կտա համապատասխան կերպ արձագանքել Հյուսիսային Կորեայի կողմից անգամ ամենափոքր սպառնալիքին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը.
«Դա երկու երկրին էլ հնարավորություն կտա համատեղ պատասխանել Հյուսիսային Կորեայի կողմից տեղական (լոկալ) սադրանքներին: Ընդ որում, Հարավային Կորեան կլինի առաջնային դիրքերում, իսկ ԱՄՆ-ը՝ աջակցություն ցուցաբերողի դերում»:
1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում: ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև ռազմական նոր արձանագրության ստորագրումը տեղի ունեցավ Կորեական թերակղզում իրավիճակի սրման ֆոնին:
Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին: