Արգամիչը հիպերմարկետ է կառուցում Արգամիկի համար. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են արտաշատյան մեր աղբյուրները, Արտաշատի կենտրոնում գտնվող՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող, հետագայում Հովիկ Աբրահամյանին անցած հյուրանոցում ապրող փախստականներին ընտրություններից անմիջապես հետո հանել են հյուրանոցից, և վերջիններս հիմա չգիտեն ինչ անեն, ում դիմեն:
Նույն աղբյուրների փոխանցմամբ` Արտաշատի կենտրոնում, մարզպետարանի դիմաց Հովիկ Աբրահամյանը մի հսկա հիպերմարկետ է կառուցում: Արտաշատցիներն ասում են, որ որդու՝ Արգամիկի համար է, որը պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ, բայց քաղաքապետ Գագիկ Մուրադյանը շատ պինդ նստել է իր տեղում, դուրս չի գալիս:
Սակայն, ըստ լավատեղյակների, դա ժամանակավոր է, որովհետև քաղաքի ավագանին բոյկոտում է, չի մասնակցում ավագանու նիստերին, անում է ամեն ինչ, որ տապալվի քաղաքային բյուջեի կատարումը, որոշումների ընդունումը»: