«Հարսնաքարի» գործով տուժողների պաշտպանը՝ մեղադրյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:
Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս եկա, նկատեցի, որ Գարիկը, Ռուբեն Հայրապետյանի երկու ախրաննիկներ «կյաժը» և Արթուրն ավտոմեքենաների կայանատեղիի մոտ ծեծում են իմ հետ վիճող հաճախորդին և նրա հետ ռեստորան եկած 4 տղաներից 3-ին: Ես տեսա, թե ինչպես Գարիկը, «կյաժը» և Արթուրը (խոսքը մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արթուր Բաբլոյանի մասին է.- Օ. Հ.) ձեռքերով և ոտքերով հարվածում են 2 այլ տղաների»,- իր նախաքննական ցուցմունքում ասել էր Դավիթ Ադամյանը:
Ամբաստանյալը հայտնել էր նաև, որ ծեծկռտուքը տևել է մոտ 15 րոպե, սակայն ինքն այդ կռվին չի մասնակցել: Իր պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցին՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ դատարանում նման տեղեկություններ չեք հայտնել, Դավիթ Ադամյանը պատասխանեց, որ քննիչներն են իրեն թելադրել անունները: Մեղադրյալը հստակեցրեց, որ իր ներկայությամբ մյուս ամբաստանյալները ոչ ոքի չեն հարվածել: Նա պնդեց, որ չի մասնակցել ավտոկայանատեղիում տեղի ունեցած կռվին:
Դատական նիստի ավարտիվ հետո տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք իրականությանը մո՞տ է մեղադրյալի ասածը, թե՞ դա մյուսներին արդարացնելու միջոց է, ասաց.
«Իրականությանը մոտ է, որովհետև ակնկալելի էր, որ այդպիսի մի բան պետք է հայտարարի, որովհետև հակառակ դեպքում նախկին ցուցմունքները հերքելու այլ գործողություն չէր մնում: Պետք է մարդ ինչ-որ կերպ պատճառաբանի, թե ինչու է այդպես ասել: Սա հիմնականում շատ տարածված մեթոդ է: Իհարկե, լինում են բացառիկ դեպքեր, երբ նախաքննության ժամանակ ինչ-որ խոշտանգումների են ենթարկվում մարդիկ, բայց հիմնականում սա օրինաչափ է մեղադրյալների համար, երբ ցանկանում են հրաժարվել նախաքննական ցուցմունքներից, որոնք տվել են այսպես ասած, տաք-տաք վիճակում, երբ հնարավորություն չեն ունեցել ի մի բերել կատարվածը, ի մի բերել իրենց պաշտպանական տակտիկան, ստրատեգիան, երբ, այսպես ասած՝ մարդն ասում է իրականությանը հանարավորինս մոտ տվյալները, հաղորդում և ցուցմունք է տալիս, դա շատ արժանահավատ է հիմնակում: Իսկ այն, որ այդքան անորոշ էր այդ ճնշումների վերաբերյալ հայտարարությունը, սա, կարծում եմ, ևս որոշակի բանի մասին է խոսում: Եթե լինեին լուրջ ճնշումներ, ֆիզիկական ազդեցություն և այլն, կարծում եմ, որ ցանկացած մարդ հստակ կարտահայտվեր այդ մասին և նույնիսկ հստակ կնկարագրեր, թե ինչպես է դա տեղի ունեցել»:
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: