ԲՀԿ-ն սրտացավ է Սերժ Սարգսյանի համար

Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հայտարարեց, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին, սակայն ԲՀԿ-ականների հայտարարություններից կարելի է հասկանալ, որ նրանք բավական հետաքրքրված հետևել են ընտրությունների արդյունքներին և սրտացավ են եղել հատկապես Սերժ Սարգսյանի նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մասին է, ով այնքան ծանր է տարել Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանի անհաջողությունը, որ վերլուծել է դրա պատճառները:

Ուրիխանյանն իր մեկամսյա հետևողական ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը քաղաքապետի պաշտոնում: Այսօր խորհրդարանում հնչեցրած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը ներկայացրեց մի քանի թվեր, որոնք այդ անարդյունավետ գործունեության ապացույցն են:

Մասնավորապես, Երևանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երևանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, և 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար: Ուրիխանյանի աչքից չի վրիպել անգամ քաղաքապետի հանդիպումը Վոլոչկովայի հետ: «Վոլոչկովա և նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները»,- եզրափակեց իր խոսքը ԲՀԿ խոսնակը:

Ինչո՞ւ են Տիգրան Ուրիխանյանին այդքան մտահոգել Ավանում Սերժ Սարգսյանի ստացած ձայները՝ դժվար է հասկանալ: Բայց ընտրություններից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ այդ արդյունքների ձևավորման հարցում իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև ԲՀԿ-ն՝ ավելի ցցուն դարձնելու համար Ավանի և Առինջի տարբերությունը: Առինջի 3 ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր ընտրության մասնակիցների 90 տոկոսը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս