«Եթե որևէ երկրում չկա անկախ դատական իշխանություն, ապա այդ երկիրը դառնում է բռնապետություն՝ անկախ թագավորի անձից»

Մարդու իրավունքների խախտումը համակարգային է, և դա կախված է նաև երկրի կառավարման համակարգից: Այս մասին Ազատության հրապարակում հասարակական բաց ֆորումի ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

«Եթե որևէ երկրում չկա անկախ դատական իշխանություն, ապա այդ երկիրը դառնում է բռնապետություն՝ անկախ թագավորի անձից: Եվրոպական ամբողջ քաղաքակրթությունը կայացավ, երբ տարանջատվեց իշխանությունը: Հիմա ինչպե՞ս է հնարավոր թագավորական համակարգում ունենալ դատական անկախ համակարգ: Հնարավոր չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեր օրերում «թագավորական համակարգը» պարզապես վերանվանվել է «նախագահական համակարգ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այն երկրները, որոնք գնացել են նախագահական կառավարման ճանապարհով՝ եղել են բռնապետական երկրներ, չեն ունեցել անկախ դատական համակարգ, իշխանափոխությունը եղել է հեղափոխության կամ ներքին հեղաշրջման ճանապարհով: Խորհրդարանական կառավարման ճանապարհն ընտրած երկրների 70 տոկոսը, նրա խոսքով, զարգացել են ժողովրդավարական ճանապարհով: Ավետիք Իշխանյանը խոստովանեց, որ խորհրդարանական կառավարումը բալասան կամ դեղամիջոց չէ, բայցև նախագահական համակարգը զարգանալու որևէ շանս չի տալիս:

«Եթե մենք ուզում ենք զարգացում ապրել՝ առանց խորհրդարանական կառավարման հնարավոր չէ: Իհարկե, կան նախագահական կամ կիսանախագահական երկրներ, որոնք զարգացել են, բայց դրանք բացառություն են: Ես ինքս երկար ժամանակ մտածել եմ, որ Հայաստանի խնդիրը նախագահի մեջ է, բայց եկել եմ այն համոզման, որ խնդիրը  համակարգի մեջ է»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս