Նոր Հայաստանի ժողովուրդը պատրաստ էր լսել Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում և ներում շնորհել

Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ հայտարարությունների ժամին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Բարև սիրելի հայրենակիցներ: Հարգելի՛ Սերժ Սարգսյան, 2013թ. փետրվարի 18-ից հետո Հայաստանի մեր ժողովուրդը փորձում է Ձեզ հետ խոսել նոր Հայաստանի լեզվով, ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ: Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են ավազակի, կողոպտչի, գողի, կեղծարարի բառապաշարը»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Նոր Հայաստանի ժողովուրդը պատրաստ էր լսել Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում և ներում շնորհել, սակայն նա ձախողեց դա՝ չկարողանալով օգտվել իր՝ անվճար իրավաբանական կարգով պատրաստված դիմումից:

«Հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է բարձրաձայնեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների անձնվեր պաշտպանությունը: Մեղադրյալի իրավունքները պաշտպանելիս շատ կարևոր է նաև նրա մարդկային կերպարի ներկայացումը, հատկապես, երբ պետք է հայցես նրա համար ներում շնորհելը:

Ձեր վարքագիծը և հայտարարություններն ավելի են խորացնում այն համոզմունքը, որ մնացել եք փոքր մարդ, սատանայի մարդ՝ արգելափակված մութ զնդանում և անչափ վախենում եք պատասխանատվությունից»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց խուսափել ՀՀ նախագահի մասին նման մեղադրանքներ և վիրավորանքներ հասցեագրելուց:

Տեսանյութեր

Լրահոս