Արամ Մանուկյանը՝ ԱԺ գործարարներին. «Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԿԸՀ կողմից ներկայացված 2012թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությանը:
Ըստ պատգամավորի՝ ԱԺ-ն խուսափեց քննարկել ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնք ներկայացվել էին հիշյալ հաղորդագրության մեջ: «Չքննարկելով կեղծիքները, խախտումները, կեղծիքները շարվեշարան շարունակում են գալ: Սա խորհրդարանի համար նոր նախադեպ չէ»,- նշեց Ա. Մանուկյանը՝ ընդգծելով, որ ԱԺ-ն մերժեց նույնիսկ արտահերթ նիստ անցկացնելու մասին առաջարկը:
Պատգամավորի ասելով՝ դա ենթադրում է, որ ԱԺ-ն այն «հիմնարկը» չէ, որտեղ տեղի է ունենում «կարծիքների բախումների միջավայրի ստեղծում»:
«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ բիզնեսմեններ են նստած այստեղ, բիզնեսմեններ, պաշտոնական տվյալներով՝ 20 միլիոնատեր: Ուզում եմ այդ դեպքում հարցնել, ինչը հիմա շատ տարածված է ֆեյսբուքում՝ եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք»,- ասաց Ա. Մանուկյանը: