«Վեցյակը» Ստամբուլում նոր առաջարկներ է արել Իրանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակի» ներկայացուցիչները երեկ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի համար մշակել են առաջարկների ընդլայնված տարբերակ, որոնք կոչված են լուծել փակուղի մտած Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հարցը:
Հանդիպման ժամանակ արևմտյան դիվանագետներն ընդգծել են, որ ցանկանում են Ղազախստանում կայանալիք բանակցություններում Իրանից ստանալ բովանդակային պատասխան: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ստամբուլյան հանդիպման ժամանակ «Վեցյակը» և Իրանը քննարկել են տեխնիկական մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների առաջիկա փուլն Ալմա Աթայում անցկացվելու է ապրիլի 5-6-ին: Իրանն ու «Վեցյակը» Ալմա Աթայում բանակցել են նաև այս տարվա փետրվարի 26-27-ին: