
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության հակատանկային առաջին հեռահար հրթիռը

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության առաջին հեռահար գործունեության հակատանկային հրթիռը (UMTAS): Փորձարկման ժամանակ հրթիռը ճշգրիտ կերպ խոցել է թիրախը: Չնայած դրան՝ հրթիռն անցնելու է ևս մի քանի փորձարկում:
UMTAS-ի նախագծի վրա տարվող աշխատանքները մեկնարկել են 2008 թվականի սեպտեմբերին: Հրթիռի արտադրությամբ զբաղվել է տվյալ ոլորտում հայտնի թուրքական Roketsan ընկերությունը: Ակնկալվում է, որ այս հրթիռով կհամալրվեն թուրքական արտադրության T-129 ATAK հարվածային ուղղաթիռները և ժամանակակից այլ ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (SSM) ներկայացրեց իր ռազմավարական հնգամյա (2012-2016թթ.) պլանը, որում նշված էր, որ UMTAS-ի արտադրությունը պետք է սկսվի մինչև 2012 թվականի ավարտը, իսկ միջին հեռահարությամբ հրթիռներինը (OMTAS)` մինչև 2013 թվականի ավարտը: