«Ես ոչ թե խաչ քաշեցի, այլ «X» դրեցի, որովհետև խաչը սուրբ է». Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

«Հարգելի պարոն Սարգսյանն ինձ վերագրում է անպարկեշտ բառեր, հայհոյանքներ, մի՞թե»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից, գործող նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ նախագահական նստավայրում հրավիրված մամլո ասուլիսի  ընթացքում արած հայտարարություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի «ելույթը ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

«Անպարկեշտությունը, հայհոյանքը փետրվարի 18-ին ժողովրդի, այս անգամ, փառք Աստծո, ոչ թե արյան վրա, այլ ձայն գողության, ստի, կեղծիքի, համատարած խախտումների բերմամբ սեփական հաղթանակը տոնելն է` շամպայնով, թե առանց շամպայն, կարևոր չէ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շարունակելով` ընդդիմադիր շարժման ղեկավարն անդրադարձավ իր վերաբերյալ Սերժ Սարգսյանի մի շարք այլ դիտարկումներին: Նա խոսեց նախագահական նստավայրում իր և Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասների մասին` նշելով, որ այժմ էլ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց իր և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների միջև բանակցությունների մասին` և նշեց, որ առաջարկել է բաց հանդիպում Ազատության հրապարակում` ժողովրդի և լրագրողների առջև: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նույնիսկ այլ տարբերակներ հանդիպման համար և նայելով իր առջևում գտնվող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի երկրորդ հարկին` ասաց, որ այնտեղ օթյակներ կան, և կարելի է հանդիպել թեկուզ այդ օթյակներից մեկում: «Անպայման չէ, որ նախագահական օթյակներ լինեն, կարող ենք ուրիշ տեղ, եթե Դուք ոզում եք առանձին-առանձին: Առաջարկեցի, որ դա էլ տարբերակ է: Հետո, ինչպես իռլանդական խաղաղության գործընթացի ժամանակ, թեև հանգամանքները խիստ տարբեր են, ասացի, որ այս նոր քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի, այդ մեր սիրով, բարևի, հայրենիքի շրջանակներում հանդիպենք, ասենք, այս սրճարանում (ցույց է տալիս իր թիկունքում գտնվող սրճարանը,- Ա.Ս.), որտեղ ժողովուրդը կտեսնի, որ երկու ախոյաններն իրար ձեռք են սեղմում, քաղաքական նոր մշակույթով, հանդուրժողականությամբ առանձին խոսում են զրուցակիցները, մասնավոր, բայց ժողովուրդը տեսնում է, թե ինչպես պետք է կերտել ապագան»,- ասաց Հովհաննիսյանը:

Առավել ուշագրավ էր պատասխանը Սերժ Սարգսյանի այն մտքին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է սահմանադրական փոփոխությունների նպատակով ստեղծվելիք Սահմանադրական խորհուրդը ղեկավարելու առաջարկությամբ ուղարկված նամակին խաչ քաշելով այդ նամակի վրա:

Կարդացեք նաև

«Թե ինչ պատասխան եմ ստացել, ասեմ, մենակ աթոռից չընկնեք. ստացել եմ պատասխան այսպիսի խաչի տեսքով»,- ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասել էր Սերժ Սարգսյանը:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ի՞նչ նամակի մասին էր խոսքը:

«Մարտի 16-ին պարոն Աբրահամյանը (ԱԺ նախագահը,- Ա.Ս.) զանգում է Արմեն Մարտիրոսյանին («Ժառանգության» փոխնախագահին,-Ա.Ս.) և իրեն տալիս  փակ ծրար…Այդ փակ ծրարի վրա գրված է «Ազգային ժողով»: Բացում եմ ծրարը, երկու էջանոց փաստաթուղթ է, որն իր բովանդակությամբ, իմ կարծիքով, ծաղր է ժողովրդի այս զարթոնքին, բայց, փաստորեն,(մարտի 16-ն է), այդ փաստաթուղթը կրում է մարտի 5-ի թվականը` ԱԺ-ից ուղարկված, և հուշագիր է, որ պետք է ստորագրվի Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև, և վերաբերում է Սահմանադրական ինչ-որ հանձնաժողով, խորհուրդ ստեղծելու գաղափարին և 2-3 տարի անց հանրաքվե պատրաստելու խնդրին: Սա ծաղր և փշրանք է իր բովանդակությամբ, բայց ավելի կարևորը, սա այն տարբերակն է, որ ԱԺ-ում անպաշտոն, ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ առաջարկվել է Աբրահամյանի կողմից և մերժվել մեր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից: ԱԺ-ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որն ունի 12 օր վաղեմությո՞ւն, որը մերժվել է ԱԺ-ի շրջանակներում, և սա ուղարկվում է որպես այն փաստաթուղը, որ հիմա պարոն Սարգսյանն ասում է, թե «մենք պայմանավորվեցինք այն ժամանակ»: Սուտ է: Ուրեմն: Ես ոչ թե խաչ քաշեցի, որովհետև խաչը սուրբ է, այլ «X» դրեցի երկու էջերի վրա, շրջան գծեցի մարտի 5-ի ամսաթվի շուրջ, շրջան գծեցի ԱԺ-ի հասցեի շուրջ և փակ ծրարով, իմ ստորագրությամբ ուղարկեցի պարոն Սարգսյանին: Սա իրենց խնդրած խորհրդապահական խողովակն է, որը երեկ ինքը, արդեն ոչ թե խախտեց, այլ փոխեց կանոնակարգը, և ես շնորհակալ եմ դրա համար»,- իր վարկածը պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս