Իրանը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիային
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանությանը: Նոտայի հանձնումը կապված է նրա հետ, որ արաբ դիվանագետը խախտել է երկրի ներքին օրենքները՝ ավտոմեքենա վարելիս գերազանցելով թույլատրված արագությունը, ինչի հետևանքով զոհվել է Իրանի քաղաքացի:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Վերջինս հավելել է, որ տվյալ միջադեպը դիտարկվում է թե՛ դատական կարգով, թե՛ դիվանագիտական խողովակներով:
Նշվում է, որ սաուդցի դիվանագետը Hyundai մակնիշի ավտոմեքենան վարել է անսթափ վիճակում, գերազանցել է արագությունը և, կորցնելով մեքենայի ղեկավարումը, բախվել է Ford Festiva (Pride) մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ինչպես նաև վիրավորվել է ևս մեկ մարդ: