Արգենտինայի նախագահը Հռոմի նորընտիր պապին խնդրել է միջամտել Ֆոլկլենդյան հակամարտությանը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ին խնդրել է միջամտել Ֆոլկլենդյան կղզիների շուրջ Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև ծավալված հակամարտությանը:
Արգենտինայի նախագահը հավելել է, որ ժամանակին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը միջնորդի դերում է հանդես եկել Արգենտինայի ու Չիլիի միջև ծագած նմանատիպ տարածքային վեճում:
Նշվում է, որ Հռոմի պապը, ով մինչև իր նոր պաշտոնին անցնելը հանդիսացել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Ֆոլկլենդյան կղզիների շուրջ ծագած վեճում մշտապես հանդես է եկել Արգենտինայի կողմում՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան «հափշտակել» է այդ կղզիները:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 10-11-ին հանրաքվե էր անցկացվել Ֆոլկլենդյան կղզիներում՝ վիճելի տարածքի կարգավիճակի հստակեցման շուրջ: