
Ինչպե՞ս են ընթանում «Ամենից ամենա աստղային տասնյակի» նկարահանման աշխատանքները (լուսանկարներ)

Արդեն 4-րդ տարին է՝ հայ հեռուստադիտողները հետևում են «Ամենից ամենա» հայկական աստղային շքերթներին, որի հեղինակն է Լիանա Տեր-Մինասյանը: Ծրագրի մեկնարկին շատերը կարծում էին, որ սա արտասահմանյան նախագծերի հերթական նմանակումն է և կարճ կյանք կունենա: Սակայն եղավ հակառակը: Հաղորդումը մինչ օրս եթերում է և հասցրել է ձեռք բերել հավատարիմ ու աճող լսարան։
168.am-ը ներկա գտնվեց «Ամենից ամենա աստղային հիթ-շքերթի» հերթական նկարահանման աշխատանքներին: Դրանք սկսվեցին վաղ առավոտից և տևեցին մինչ ուշ երեկո: Աշխատանքներն իրականացվում էին քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված ստուդիաներում և ծրագրի նկարահանման համար նախատեսված հրապարակներում:
«Թեմաները տարբեր են՝ աստղային մանկություններից ՝մինչ աստղային սերեր: Թեմաների հարցում մեզ օգնում են թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, թե հանդիսատեսը, թե ընկերներն ու ծանոթները: Եղել են անգամ դեպքեր, երբ առաջարկով մեզ դիմել են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանան: Վերջինս, անդրադառնալով այն կարծիքին, թե հաղորդումը նմանակում է արտասահմանյան մի շարք նմանատիպ հաղորդումներին, ասաց, որ հայկական տարբերակի թե՛ ձևաչափը, թե՛ մոտեցումը տարբեր է: «Հաղորդումն աշխատել ենք հարմարեցնել հայկական մտածելակերպին, փորձում ենք այնպես աշխատել, որ ամեն բան լինի հստակ և առանց շինծու սկանդալների: Մենք չենք աշխատում սկանդալներով լսարան հավաքելու և բարձր վարկանիշ ձեռք բերելու վրա: Ուղղակի հանրությանն ենք ներկայացնում այն ամենը, ինչն, ըստ մեզ, հետաքրքիր է: Ունենք նաև «Ամենից ամենա» աստղային շարքեր, որոնք մեծ տեղեկատվություն են պարունակում ժամանակին հայտնի, բայց այսօր հայկական իրականության մեջ չապրող տաղանդավոր մարդկանց մասին: Նշեմ նաև, որ հաղորդումը մեծ հեղինակություն է վայելում նաև սփյուռքահայության շրջանում»,- ասաց հաղորդավարուհին: