Տաքսիների դեղին համարանիշերը կփոխարինվեն ինքնակպչուն ներդիրներով. կպարզեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը
Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները, մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ՝ուղղված բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:
Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» -ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով:
«Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ, որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում»,- նշեց Ա. Ավետիսյանը:
Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ:
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝ Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ ժապավենները կտրամադրվեն անվճար։
Հանվել է նաև ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն կրում էր ձևական բնույթ: Ներկայացված նախագծով ֆիզիկական անձանց ևս հնարավորություն է տրվում իրականացնել մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների ծառայություններ, որի արդյունքում նրանք հարկային մարմիններ հաշվետվություններ չեն ներկայացնի:
Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմեքենայով մարդատար տաքսի ուղևորափոխադրումների իրականացման դեպքում առաջարկվում է միավորել հարկը և պետական տուրքը: Գոյություն ունի վճարման երեք տարբերակ. ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման համար Երևան քաղաքում ամսական՝ 12 հազար, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար և տարեկան՝ 120 հազար դրամ:
«Yerkir.am» լրատվական կայքի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով պետք է ստուգաչափվեն հաշվիչները, Ա. Ավետիսյանը նշեց, որ տաքսիների հաշվիչները տարին մեկ անգամ պարտադիր պետք է ենթարկվեն ստուգաչափման, իսկ ուղևորը պետք է հստակ իմանա, թե մատուցված ծառայության դիմաց ինչքան գումար է վճարելու:
Ասուլիսին ներկա Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը ևս կարևորեց դեղին պետհամարանիշերի փոփոխությունը՝ նշելով, որ նախկինում քաղաքացիները լուրջ խնդիրներ էին ունենում ոչ միայն ֆինանսական, այլև բյուրոկրատական տեսանկյունից:
«Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանը հավելեց, որ փոփոխությունների արդյունքում վարորդները խնայողություններ կանեն:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե անհատ տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց «խոշորոցանել»՝ տանել դեպի խոշոր տաքսապարկեր, Ա.Ավետիսյանը նշեց, որ նման բան գոյություն չունի:
«Բոլոր փոփոխություններն ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, գործունեության պայմանների բարելավմանը և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը»,-ընդգծեց Ա.Ավետիսյանը։
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն