Ստեփան Դեմիրճյան. «Ես նման կառավարություն ստեղծելու կողմնակից չեմ»
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին նոր, ստվերային Կառավարության կազմի անունների մեջ հնչել էր նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա վերաբերում հիշյալ առաջարկին: Ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասաց. «Ես շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր առաջարկել են իմ թեկնածությունը, բայց ես նման Կառավարություն ստեղծելու կողմնակից չեմ»:
Ինչ վերավերում է Երևանի ավագանու ընտրություններին ՀԺԿ հնարավոր մասնակցությանը, ապա նա ասաց. «ՀԺԿ-ի տեսակետն այս առումով հստակ է և, ըստ էության, արդեն արտահայտել է: Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ՀԺԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբման մասին»:
Ս. Դեմիրճյանն անդրադառնալով այս օրերին Ազատության հրապարակում կատարվող գործընթացներին` ասաց. «Գիտեք, մարդիկ դուրս չեն գա, չեն բողոքի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն, ես բազմիցս եմ ասել դա: Որևէ քաղաքական ուժ չի կարող զանգվածային հանրահավաքներ անցկացնել, եթե ժողովրդի արժանապատվությունը վիրավորված չլինի, եթե ժողովուրդը հավատա ընտրությունների արդյուքներին»:
Հարցին, թե մարդիկ չե՞ն հասնի իշխանափոխության, ինչին այսօր ձգտում են, Ս. Դեմիրճյանը պատասխանեց. «Կանխատեսումներ անել ես չեմ ուզում, սակայն մեկ բան, ի վերջո, պետք է հասկանան այս իշխանությունները. ամեն կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, նպաստում է արտագաղթի աճին, խորացնում է հասարակության բարոյալքումը: Սա պետք է հասկանան և չկեղծեն ընտրությունները»:
Պատգամավորի խոսքով` կեղծված ընտրությունների հետևանքները կարելի է չեզոքացնել նոր ընտրությունների անցկացմամբ: