Բաժիններ՝

Ներկայացվեց «Lonely Planet» երգի վերջնական տարբերակը (տեսանյութեր)

«Lonely Planet» երգի վերջնական տարբերակը հանձնվեց հանդիսատեսի դատին: Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնող «Դորիանս» խումբն այսօր ներկայացրեց թե՛ երգի վերջնական տարբերակը, թե՛ տեսահոլովակը: Մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրված մրցութային երգի վերջնական տարբերակը բավականին տարբերվում է նախորդից:

Քիչ առաջ համացանց ներբեռնված տեսահոլովակն արդեն հասցրել է մի քանի տասնյակ մեկնաբանություններ և բարեմաղթանքներ հավաքել: Խմբի երկրպագուները հաջողություն են մաղթում Գոռ Սուջյանին և «Դորիանսին»՝ հուսալով, որ այս տարի Հայաստանը ոչ միայն պատվով կներկայանա «Եվրատեսիլ» երգի մրցույթում, այլև, ինչո՞ւ ոչ, կգրավի առաջին հորիզոնականը: Տեսահոլովակի ռեժիսորը Վարդան Զադոյանն է, ով նաև գրել է «Lonely Planet»-ի խոսքերը, երաժշտության հեղինակը՝ հանրահայտ «Black Sabbath»-ի կիթառահար, լեգենդար ռոք-երաժիշտ Թոնի Այոմին, իսկ բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է: Նկարահանումներն իրականացվել են տաղավարային պայմաններում:

«Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին մի քանի օր առաջ: Ժամանակը շատ կարճ էր, և տղաներն օր ու գիշեր աշխատում էին` աշխատանքը ժամանակին և պատվով ներկայացնելու համար: Շատ քիչ ժամանակ է անցել տեսահոլովակի պրեմիերայից, բայց դեռ ոչ մի բացասական կարծիք չի հնչել: Իհարկե,  կգտնվեն մարդիկ, ովքեր չեն հավանի, բայց կարծում եմ, որ տղաները շատ լավ են աշխատել: Թե՛ երգը,  թե՛ տեսահոլովակը շատ լավ է ստացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Սուջյանի մամուլի խոսնակ Դինա Հովհաննիսյանը:

Այն փաստը, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու է «Դորիանս» խումբը՝ հանրահայտ Թոնի Այոմիի հեղինակած երգով, շատ արտասահմանյան հեռուստաալիքների քննարկման թեման է դարձել: Բրիտանական հանրահայտ BBC հեռուստաընկերությունը ևս անդրադարձել է թեմային:

Գոռ Սուջյանը, լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում,  անդրադառնալով խմբի և Թոնի Այոմիի համագործակցությանը, նշել էր, որ իրենց համար մեծ պատիվ է «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայանալ հենց  «Lonely Planet» երգով: «Մեզ համար մեծ պատիվ էր Թոնի Այոմիի հետ համագործակցելը: Ամբողջ աշխարհի ռոք լսարանի համար  հայտնի Թոնի Այոմին գրել է «Եվրատեսիլ» փոփ ժանրի մրցույթի համար երգ: Չգիտեմ՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, երևի Հայաստանի հետ համագործակցության գործոնը մեծ դեր խաղաց: Բացի դա էլ, երևի մեզ համախմբեց երաժշտությունը»,- ասել է Գոռ Սուջյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի ամենամյա մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում: Մրցույթի այս տարվա «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո հանդես կգան Եվրոպայի 39 երկրները ներկայացնող մասնակիցներ: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս