«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները որևէ կապ չեն կարող ունենալ ԼՂՀ պաշտպանունակության հետ»
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի նպատակն էր հասարակության հետ համատեղ քննարկել նոր կառավարության կազմը: Նիստի աշխատակարգը հիմնված էր քաղաքացիների հետ հարց ու պատասխանի վրա:
Չնայած այն հանգամանքին, որ հորդառատ անձրև էր, բայցև քաղաքացիները հավաքվել էին հրապարակում, որոնցից ոմանք եկել էին առանց անձրևանոցների: Ընդ որում՝ այսօրվանից սկսած առաջիկա հինգ օրերին, ժամը 17:00-ից տեղի են ունենալու բաց քաղաքացիական խորհրդի նիստերը:
Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, ի դեպ, այսօրվա նիստի բանախոսներից էր, ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահը հացադուլի մեջ է, իրենք իրենց ջանքերը պետք է ուղղեն նոր կառավարության կազմի մասին առաջարկներ ներկայացնելու, այդպիսով՝ որոշակիորեն օգնելով նրան:
ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ, ըստ իրեն, մի խնդրի, որն ամեն անգամ առաջ է գալիս Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական իրավիճակներում, որն է հայ-ադրբեջանական չավարտված պատերազմը: «Ես ուզում եմ նախ արձանագրենք, որ հայ-արդբեջանական հակամարտության գոտու հսկայական հատվածը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի ընտրված նախագահ, այսինքն՝ դա պետություն է, որի բանակն ունի գերագույն գլխավոր հրամանատար: Այդ բանակը կանգնած է, այդ բանակը մարտունակ է, և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացները որևէ կապ չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանունակության հետ»,- ասաց Ն. Փաշինյանն, ում խոսքով՝ եթե կան մտավախություններ, որ Ազատության հրապարակում կատարվող գործընթացերը կարող են ցնցման ազդեցություն ունենալ ՀՀ զինված ուժերի վրա, ինքը լուրջ չի ընդունում դրանք:
Նա առաջարկեց Ր. Հովհաննիսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, մեկ տարի ՀՀ զինված ուժերում գլխավոր շտաբում և բանակային կորպուսներում ոչ մի կադրային փոփոխություններ չանել, և երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել փոխնախարարներից մեկին: