Արամ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մերժել է
«Միանշանակ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես է պատասխանել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երբ նրանից հետաքրքրվել են՝ ճի՞շտ է, որ մերժել եք «Ժառանգության» առաջարկը՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցել:
Նրա խոսքերով՝ «Մենք գտել ենք ոչ նպատակահարմար այն շրջանում, երբ ժողովուրդը հրապարակում է, հրապարակ է գալիս՝ նախագահական ընտրությունների իր քվեն պաշտպանելու համար, հետընտրական պրոցեսները տեղափոխել նախընտրական պրոցեսի և խոսել քաղաքապետի ընտրություններից: Մենք այդ թեման չենք քննարկում»:
Հարցին՝ այսինքն այնպես չէ, որ դեմ եք միասին կամ առանձին գնալուն, պարզապես հիմա այս իրավիճակն է խանգարում՝ նա պատասխանել է. «Այս իրավիճակում մենք նման հարց չենք քննարկում: Հարգում ենք ժողովրդի մասնակցությունը՝ քաղաքական գործընթացներին: Գտնում ենք, որ հրապարակ եկող ժողովուրդը գալիս է ոչ թե քաղաքապետի ընտրությունների համար, այլ՝ որպեսզի իր քվեին տեր կանգնի: Ու դա այն ժողովուրդն է, որ բոլոր ժամանակներում ընդդիմության հետ է եղել՝ ժամանակին Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Այդ ժողովրդի քվեն հարգել է պետք, այդ առումով մենք հիմա նման հարց չենք քննարկի: Մեր խորին համոզմամբ՝ այդ գործընթացը հետընտրականից նախընտրականի տեղափոխելը ձեռնտու է միայն իշխանություններին: Եվ պատահական չենք համարում, որ առաջին հերթին Սերժ Սարգսյանն իր ցուցակը հրապարակեց՝ քաղաքապետի սեփական թեկնածուով և համապատասխան ԶԼՄ-ներով այդ թեմայով սկսեցին սակարկությունները՝ խնդիրը փորձելով այդ դաշտ տեղափոխել»: