Ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլից և հանրահավաքներից հետո
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը «պարապությունից է հանրահավաք անում»: Պարոն Սահակյանից այսօր հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հացադուլը ևս պարապության դրսևորում է:
Հովհաննես Սահակյանը նախ անդրադարձավ իր ասուլիսին և նշեց, որ ինքը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանում գործունեություն ծավալեր, «պարապ» չէր լինի:
«Պատկերացրեք, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ չի անում, այս պրոցեսները վերջանում են, ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Որպես քաղաքական գործիչ՝ մեկ-երկու քաղաքական ակցիա, քայլեր, դրսևորումներ կանի, հետո որպես կուսակցության ղեկավար, զբաղվելու է կուսակցական գործերով, իր բզկտված խմբակցությամբ:
Իսկ եթե Ազգային ժողովում լիներ, իր տեսակետը կհայտներ, հայտարարությամբ հանդես կգար: Այս ակցիան կաներ Ազգային ժողովում ավելի քաղաքակիրթ, որպես քաղաքական գործիչ իրեն կռեալիզացներ: Իմ խոսքը դրան էր վերաբերվում նաև, որ ինքը այդ հանրահավաքներն անում է, որ պարապ չմնա: Իսկ հացադուլը ծայրահեղ դրսևորում է, որը ես չեմ ընդունում»,- 168.am-ին ասաց Հովհաննես Սահակյանը:
Վերջինս նաև շեշտեց, որ Երևանի քաղաքապետարանին պատշաճ ծանուցված Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հանրահավաքները չեն մերժվում և այդ դեպքում հացադուլի իմաստը Հոհաննես Սահակյանը ինքը չի տեսնում: «Եթե այլ խոչընդոտներ չկան հանրահավաքների, խոսքի սահմանափակումներ չկան, ապա ոչ տեղին էր այդ քայլը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: