Նիկոլ Փաշինյան. Ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու, բայց անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու (տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը ենթարկվում է դինամիկ փոփոխությունների, ինչին պետք է գնահատական տալ ու դրսևորել համարժեք վարքագիծ:
Նա նշեց, որ քաղաքական նոր վիճակի` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին հնչել են տարբեր գնահատականներ, թե իշխանական, թե մերձիշխանական, թե ընդդիմադիր օղակներից, հացադուլը որակելով որպես ծայրահեղ, անձնազոհ, փակուղային թույլ կամ ուժեղ երևույթ: Բայց, ըստ նրա, անկախ գնահատականների ուղղվածությունից, դրանք չեն անդրադառնում հացադուլի քաղաքական բովանդակությանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հացադուլի միջոցով ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածուն հստակ ուղերձ է հղում Հայաստանին ու միջազգային հանրությանն այն մասին, որ վճռականորեն հետևելու է ժողովրդի կատարած ընտրությանը:
Պատգամավորի խոսքով` սա կարևոր է նրանով, որ վստահություն է ներշնչում, որ կոմպրոմիս չի լինելու կեղծիքի շուրջ: Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ դա չի նշանակում, թե կոմպրոմիսն ընդհանրապես հնարավոր չէ: Կոմպրոմիս, ըստ Ն. Փաշինյանի, կարող է լինել այն դեպքում, երբ իշխանությունը խաղաղ հանդարտ փոխանցվի ժողովրդին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը:
Պատգամավորն ընդգծեց, թե բոլորը պետք է արձանագրեն, որ ժողովուրդը նահանջելու զիջելու ու պարտության տեղ չունի. «Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հասկանան, որ ժողովուրդը չի գրոհելու, չի բախվելու, ջարդ ու փշուր չի անելու, բայց անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է գիտակցեն, կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու, բայց անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու»:
Նա նշեց, որ Ազատության հրապարակի շարժումն ունի կարևոր գործնական խնդիրներ` իշխանության և կառավարության ձևավորում, ինչը, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է իրական իշխանափոխության բնականոն ընթացքի համար:
«Սրա գործնական լուծումը Րաֆֆի Հովհաննիսյանի գործառույթն է, բայց պետք է գիտակցենք, որ այն պահանջում է մտավոր ծանրաբեռնվածություն և ամբողջությամբ այդ գործը թողնել հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ճիշտ չի լինի: Օր առաջ, հնարավորինս արագ պետք է քննարկումներ անել հենց այստեղ: Կա առաջարկ գումարել բաց քաղացիական խորհուրդ, որը պետք է ունենա գործնական նպատակ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն արտոնի այդ գործուներությունը, ժողովուրդը հնարավորություն կունենա մասնացել կառավարության և իշխանության ձևավորման սկզբուքններին»:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին սպասվող երդմնակաության արարողությանը, Ն. Փաշինյանն ասաց, որ այդ օրը «երդման արարողության կանխման համար մենք ոչ թե կանխելու այլ անիմաստ ու անբովանդակ դաձնելու խնդիր ունենք: Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, թե ՀՀ նախագահն է, իսկ նույն օրը ՀՀ ժողովուրդը իրենով պետք է լցնի ՀՀ ամենամեծ հրապարակը՝ ցուց տալու համար, որ ընտրել է իր նախագահին, ում անունը Սերժ Սարգսյան չէ: Այդ օր Սերժ Սրագսյանի երդման արարողությունը մենք պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի»,- մասնավորեցրեց ՀԱԿ պատգամավորը: