«Չկա դիմում, չկա թերություն». ԿԸՀ նախագահ
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել պատշաճ վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացների նկատմամբ:
«ԱԺ-ում 6 խմբակցություն կա, որոնցից երկուսն են իշխանական: Յուրաքանչյուր խմբակցություն տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որոնք առավել ակտիվ դերակատարում ունեն ընտրական գործընթացում, ունի մեկ տեղ: Բոլոր կուսակցությունները կրում են հավասար պատասխանատվություն ընտրական գործընթացի հետ կապված: Եթե բոլորը պատշաճ կատարեն իր գործառույթները, հանրային վստահությունն անխուսափելիորեն կկայանա»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Նա կրկնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ընթերցած որոշման մեջ բերված այն փաստարկները, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընտրական պրոցեսում ներգրավված են եղել հազարավոր անձինք, որոնք չեն օգտվել օրենքով ընձեռված հնարավորություններից՝ հատուկ կարծիք գրելու, բողոք ներկայացնելու և այլնի վերաբերյալ: Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ հնարավոր է առաջիկայում ինքը՝որպես պատգամավոր, հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ: «Չի բացառվում, որ որոշ նոր առաջրկություններ անեմ Ընտրական օրենսգրքի հետ կապված, որպեսզի ավելի ցցուն դարձնենք քաղաքական ուժերի պատասխանատվությունը»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանում որպես պատասխանող կողմ հանդես եկող Տիգրան Մուկուչյանն էլ հայտարարեց, որ ՍԴ-ի որոշման մեջ հստակորեն նշվեց, թե դիմումների ինչ քանակի մասին է խոսքը, ինչ չափով են օգտվել նախագահի թեկնածուի վստահված անձինք իրենց լիազորություններից: «Մեկ անգամ ևս փաստվեց, որ ներկայացված բոլոր դիմումները պատշաճ կերպով քննություն անցել են: Չի եղել որևէ բողոք, որից որևէ հանձնաժողով հրաժարված լինի, այլ խնդիր է, որ այդ որոշումներից քննության արդյունքում կայացրած որոշումները գուցե չեն բխել դիմողի ցանկություններից ու հույզերից, երազանքներից»,-հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ այդ որոշումներին համաձայն չլինելու դեպքում պետք է դիմեին դատարան՝ վիճարկելու դրանք, ինչը չի արվել, հետևաբար հնչեցված հայտարարությունները մերկապարանոց են:
Ինչ վերաբերում է 17/05 ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու ՍԴ-ի այսօրվա որոշմանը,ապա այն, Տիգրան Մուկուչյանի խոսքերով, ոչ մի դեպքում չի կարող կարծիք ստեղծել, որ մյուս ընտրատեղամասերում եղել է նույն պատկերը: «Եթե մենք խոսում ենք 17/05-ի մասին, դրա վերաբերյալ եղել են դիմումներ: Իսկ մյուսների վերաբերյալ չկան դիմումներ, որովհետև չի էլ եղել թերացում»,-հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: