Րաֆֆի Հովհաննիսյան. Ես թույլ չեմ տա՝ հիմա լինի, թե ապրիլի 10-ից հետո, որ քաղաքացին ու ոստիկանն իրար դեմ կանգնեն
Ազատության հրապարակում, մինչև հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը, ոստիականության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք չունի վրան տեղադրել Ազատության հրապարակում:
Մինչ ասուլիսը «ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն ընթերցեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը ՄԻՊ-ը գնահատել էր որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարել՝ ոչ իրավաչափ:
Ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ոստիկանների հայտարարությանը: Նա նշեց, որ «մեր հաղթանակի վճռորոշ վերջնական փուլը հայտարարելիս երբեևէ պահանջ չեմ արտահայտել վրանի կամ այլ ծածկի մասին, որովհետև դա առաջին հերթին ոստիկանության պարտականությունն է՝ ապահովելու քաղացիների անվտանգությունն ու առողջությունը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ողջունում է այն սրտացավ քաղացիների որոշումը, ովքեր ցանկություն են հայտնել ծածկ ապահովել իր գլխավերևում, բայց հորդորեց բոլորին այլևս չդիմել այդ քայլին, քանի դեռ ոստիկանությունն ինքը չի որոշել զբաղվել այդ գործով:
«Ծածկը պետք է ապահովեր ոստիկանությունը, բայց՝ չարեց: Պետք չէր դիմել այդ քայլին և խնդրում եմ այլևս երբեք չխնդրել, քանի դեռ ոստիկանապետը չորոշի ու ոստիկանների միոջոցով մեկ վրան չտեղադրի այստեղ»,- մասնավորեցրեց նա՝ ավելացնելով, թե ոստիանությունն ու գեներալ Վլադիմիր Գասպարյանը, ով, Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ տեղյակ է այս հարցի մասին, «երբ օրենքը պահանջի, երբ խիղճը տանջի, երբ առողջությունս պահանջի, ոստիկանների միջոցով տեղադրեն վրանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ անընդունելի էր նաև ոստիկանների պահվածքը քաղաքացիների նատմամբ և շեշտեց, որ ինքը թույլ չի տա՝ հիմա լինի, թե ապրիլի տասից հետո, որ քաղաքացին ու ոստիկանն իրար դեմ կանգնեն:
Նա հայտնեց նաև, որ Վարդան Պետրոսյանը, ով ևս միացել է պայքարին, գնացել էր Հայաստանի ֆրանսիական համալսարան, բայց նրա մուտքը համալսարան արգելվել է. «Կեցցե ազատ, անկախ կրթական համակարգը, որը կուսակցականացվել է մինչև վերջին բջիջը: Բայց, որը մինչև ապրիլ 9-ը փոխվելու է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղը ասուլիս չի լինելու, դրա փոխարեն ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հաղթահավաք:
Ինչ վերաբերում է ՍԴ վճռին, որը շուտով կհրապարակվի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այդ առնչությամբ «մեր խոսքը կասենք վաղվա հաղթահավաքում»: