
Պուտինի նստավայրում հայտնաբերված վրացական ծագմամբ Coca-Cola-ի շիշն ուղարկվել է փորձաքննության

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում հայտնաբերվել է Վրաստանից բերված Coca-Cola-ի շիշ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ամեն դեպքում որոշել են այդ շիշը փորձաքննության նպատակով ուղարկել Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Գենադի Օնիշչենկոյին:
Վրաստանում արտադրված Coca-Cola-ի շիշը հայտնվել է նստավայրի մամլո սենյակում: Այն հայտնաբերվել է լրագրողների կողմից: Ներկայումս Ռուսաստանն ու Վրաստանը շարունակում են բանակցել վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի՝ ռուսական շուկա վերադառնալու շուրջ: