ԱՄՆ-ը շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը. Բիձինա Իվանիշվիլի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը՝ հավելելով, որ մոտ պագայում կմեկնի Վաշինգտոն.
«Ես չէի ցանկանում մեկնել ԱՄՆ և արդարանալ այնտեղ, անհրաժեշտ էր որոշակի ժամանակ: Դրանից հետո ես անպայմանորեն կմեկնեմ այնտեղ և նրանց կապացուցեմ, որ մենք ունենք ուժեղ թիմ, որ մենք այդքան բան ենք կարողացել անել: Մենք ապացուցում ենք, որ լավ հարաբերություններ ենք ունենալու թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետ»:
Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը, Իվանիշվիլին հայտարարեց, որ իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է դեպի ԱՄՆ: Ավելի ուշ նա իր այցը հետաձգեց 2013 թվական: