
Իվանիշվիլին դժգոհել է իր գլխավորած դաշինքի պատգամավորների արհեստավարժության մակարդակից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորների արհեստավարժության մակարդակից.
«(Խորհրդարանի նախագահ) Դավիթ Ուսուպաշվիլին ինձ հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունում չկա անգամ երեք արհեստավարժ պատգամավոր, որոնք կարող էին իրեն օգնել խորհրդարանական աշխատանքների ժամանակ:
Դրա համար էլ նա հարցը կոշտ է բարձրացրել, որ միջանկյալ խորհրդարանական ընտրություններում մենք «Վրացական երազանքի» կողմից թեկնածուներ չառաջադրենք մարզիկների, դերասանների և այլոց թվից:
Դաշինքը նախընտրական շրջանում կարողացավ մոբիլիզացնել երկրի հանրահայտ անձանց և նրանց անցկացնել խորհրդարան, սակայն նրանք քիչ են ծանոթ խորհրդարանի աշխատանքին»:
Իվանիշվիլին ընդգծել է խորհրդարանական ընդդիմության մի շարք պատգամավորների մոտ արհեստավարժության բարձր մակարդակը՝ խոսոտվանելով, որ այդ փորձը պետք է ընդհանուր առմամբ ծառայի Վրաստանում պառլամենտարիզմի զարգացմանը:
Բացի այդ, Իվանիշվիլին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին կոչ է արել զգուշավորություն դրսևորել իրենց հայտարարություններում՝ հավելելով, որ Վրաստանի որևէ քաղաք և շրջան չի պատկանում իրեն, ոչ էլ ինքը դրանք հանձնել է պատգամավորներին: Վարչապետը խոստացել է շրջաններին հատկացնել իշխանություն և լծակներ:
Հիշեցնենք, որ Վրաստանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 27-ին: Դրանցում կընտրեն այն երեք պատգամավորներին, որոնց տեղը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ «Վրացական երազանք» դաշինքի երեք ներկայացուցիչ տեղափոխվեցին գործադիր իշխանություն:
Խոսքը գնում է «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներ Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի և գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի մասին: