Ահմադինեժադը ոչնչացրել է վերջին 30 տարում Իրանի ունեցած ձեռքբերումները. Ռաֆսանջանի
Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ, նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայիս կառավարությունը ոչնչացրել է երեք տասնամյակի ընթացքում (Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո) Իրանի ձեքբերումները:
Ռաֆսանջանին քննադատել է նրանց, ովքեր աջակցում են Ահմադինեժադին ու նրա դաշնակիցներին. «Ես զարմացած եմ, որ որոշ անձինք և հատկապես հոգևոր գործիչները աջակցում են նրանց (Ահմադինեժադին ու նրա դաշնակիցներին): Էլ ավելի տարօրինակ է, որ նրանք չեն դադարել աջակցել նրանց նաև հիմա, երբ բոլորը հասկացան նրանց իրական էությունը»:
Ռաֆսանջանին Ահմադինեժադին ու նրա համակիրներին մեղադրում է երկրում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատվությունից խուսափելու մեջ: Նա գտնում է, որ նրանք իրենք են կազմակերպել այդ անկարգությունները՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ վարչակարգը վարում է կործանիչ քաղաքականություն:
Ռաֆսանջանին, սակայն, չի հայտնել, թե արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում: