
Թանկացումներն էլի սկսվեցին. մամուլ

«Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ։ Մասնավորաոպես՝ յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերը, յուրաքանչյուր տուփը՝ 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի՝ վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով։
Նկատենք, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր։ Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ։ Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում»: