Բաժիններ՝

Նոր իրավիճակ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական (կամ քաղաքացիական) շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին՝ լուծարվել:

Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, և դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել է փոխվել 2011 թվականի գարնանից, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, իսկ Ազատության հրապարակը բացվեց ընդդիմության հանրահավաքների համար: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության առաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում՝ իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի:

Իսկ որ նման երկխոսություն կլինի՝ հավանականությունը շատ մեծ է, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից՝ նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում: Միայն թե ցանկալի կլիներ, որ այդ երկխոսությունը մի թեթև նախապատրաստվեր, այսպես ասած, «փորձագիտական մակարդակով», որից հետո միայն լուծումների տարբերակներն առաջարկվեին առաջին դեմքերին: Թե չէ՝ հերթական հանդիպումը, լինի այն նախագահի նստավայրում, թե Ազատության հրապարակում, չեմ կասկածում՝ կանցնի բարեկամական մթնոլորտում, սակայն արդյունք չի տա:

Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել է ինքը՝ Ազատության հրապարակը՝ այդ բառի լայն իմաստով: Այստեղ այլևս չեն իշխում «բետեեռ կանայք» և Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» և բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն և բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»:

Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով՝ հանգիստ քայլել Ազատության հրապարակով՝ հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու և ոչ թե պառակտելու մեթոդ է:

Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ և երկարատև գործող ուժ է, և իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ և կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս