Բնապահպանները արգելոցի տնօրենի պաշտոնի համար արժանի թեկնածու են համարում ՌԴ քաղաքացի Ալբերտ Դումիկյանին
Բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանն ու Լևոն Գալստյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար արժանի թեկնածու են համարում Ալբերտ Դումիկյանին: Վերջինս պետական արգելոցի թափուր պաշտոնի համար հայտ ներկայացնող 11 թեկնածուներից մեկն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բնապահպան ակտիվիստները նշեցին, որ Ալբերտ Դումիկյանը Ռուսաստանի քաղաքացի է, և այնտեղից տեղափոխվել է Հայաստան:
«Մարդը 6 ամիս է՝ հայտ է ներկայացրել, որ ստանա ՀՀ քաղաքացիություն: Առ օրս ինքը չի ստացել քաղաքացիություն, երևի չեն էլ տա մինչև այս մրցույթը վերջանա, որ մրցույթին ասեն՝ գիտեք՝ քաղաքացի չէր, չանցկացրեցինք, որովհետև ինքը ունի 400 հազար հա-ից ավելի արգելոցի փորձ, ունի 80 գիտական թեզ, ինքը այդքան արժանի մարդ է: Երևի համակարգը շատ լավ գիտի՝ եթե այս ծանրակշիռ մարդը լինի, էլ կողքը ոչ մեկ չի երևա»,- ասաց Եղիա Ներսիսյանը:
Բանախոսները նշեցին, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի հրապարակել «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած անձանց կենսագրությունները:
Մարիամ Սուխուդյանի խոսքով՝ նախարարությունն այդ պաշտոնին ցանկանում է տեսնել տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին, ով ևս հայտ է ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Բնապահպան ակտիվիստները արգելոցի տնօրենի պաշտոնի համար արժանի թեկնածուներ են համարում նաև Արայիկ Կարապետյանին, Պարգև Ստեփանյանին:
Անդրադառնալով «Խոսրովի արգելոցի» նախկին տնօրեն Վարանցով Բարսեղյանին՝ Եղիա Ներսիսյանը նշեց. «Վրանցովը երկար տարիներ այդ համակարգի մի մարդ է եղել, աշխատել է այդ համակարգում, ամբողջ այդ տարիների ընթացքում արգելոցի մատյանը դատարկ էր, ոչ մի որսագողություն չի եղել, որի մասին ես՝ որպես մարդ, իրավունք ունեմ կասկածելու: Խոսրովում այսքան տարի որսագողություն չի՞ եղել: Մի հատ վարազի են խփել, դա Մարիամն է հայտնաբերել, մի հատն էլ մենք ենք հայտնաբերել: Դա խոսում է այն մասին, որ Վարանցովը այդ համակարգի մարդ էր, ինքը համակերպված մարդ էր»:
Անդադառնալով «Խոսրովի անտառ» արգելոցին որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերող միջազգային կազմակերպություններին՝ Մարիամ Սուխուդյանը նշեց. «Տրամաբանական է՝ ինչի՞ համար նրանք նույն խնդիրները չեն բարձրացնում, ինչ մենք, որովհետև համագործակցում են իրենք, անկախ չեն թե միջազգային առումով անկախ չեն, թե նախարարության հետ այստեղ ինչ-որ գործեր են անում»:
Երեկ 168.am-ի խմբագրության էլեկտրոնային հասցեին նամակ էր ստացվել, որտեղ նշված էին Րաֆֆի Հովհաննիսյանի «ստվերային կառավարության» անդամների անունները, նրանց թվում էր նաև Մարիամ Սուխուդյանը, ով, ըստ հեղինակի՝ զբաղեցնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը:
«Ես ինձ բնապահպանության նախարարի պաշտոնում չեմ տեսնում: Ես ամեն կերպ աջակցում եմ այդ ոլորտին: Բայց մենք անձամբ խոսում ենք, որ պետք է գիտելիքներ ունենա, կրթություն, համապատասխան փորձ, հիմա մենք ինքներս ինքնակոչ նախարարներ… Մեր նպատակը դա չէ»,- ասաց Մարիամ Սուխուդյանը: