Ինչու Ծառուկյանը վիժեցրեց ընդդիմության միավորումը
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումը, ըստ որի՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը պետք է գլխավորի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մի փոքր տարօրինակ էր: Քաղաքապետի գործունեությունը ասոցիացվում է աղբահանության, ասֆալտապատման, կանաչապատման, տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգման և քաղաքային տնտեսության մյուս ոլորտների աշխատանքի կազմակերպման հետ: Իսկ Վարդան Օսկանյանը լավ տնտեսվարողի կամ, նոր տերմինոլոգիայով՝ մենեջերի համարում չունի:
Վարդան Օսկանյանը կարող էր լինել Երևանի քաղաքապետի թեկնածու, եթե ԲՀԿ-ն փորձեր քաղաքականացնել ընտրությունները, և դրանք ներկայացներ՝ որպես վստահության հանրաքվե գործող իշխանությանը: Երևանը Հայաստանի կեսն է ու դեռ մի քիչ էլ ավելին, և հաղթանակը Երևանում կարող էր նշանակել՝ հաղթանակ Հայաստանի առնվազն կեսում:
Քաղաքապետի ընտրությունները քաղաքականացնելու և դրանք իշխանության վստահության հանրաքվեի վերածելու համար ԲՀԿ-ն պետք է փորձեր համախմբել ընդդիմադիր այլ կուսակցությունների, ովքեր ինքնուրույն հնարավորություն չունենալով մասնակցել ընտրություններին՝ դեմ չէին լինի ընտրություններին գնալ ԲՀԿ-ի հետ: Դրա համար ԲՀԿ-ին պետք էր ընդամենը հայտարարել, որ իրենք Երևանի խորհրդի ընտրությունները չեն դիտարկում սոսկ պայքար քաղաքապետի պաշտոնի համար, այլ՝ որպես իշխանության վստահության հանրաքվե:
Սկզբում թվում էր, թե միավորմանը շատ հեշտ է հասնել: Միավորման անհրաժեշտության մասին միաժամանակ հայտարարեցին թե՛ ՀՅԴ, թե՛ ՀԱԿ ներկայացուցիչները: Հետո ՀՅԴ ԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպում: Կողմերը պայմանավորվեցին հանդիպել և շարունակել քննարկումները:
Եվ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին: Հաջորդ հանդիպմանը գնացած ԲՀԿ ներկայացուցիչներին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր հայտարարել, որ միավորումը կարող է կայանալ միայն ԲՀԿ առանցքի շուրջ: Հետո նույնը հայտարարեց նաև ինքը՝ փաստելով, որ դա կուսակցության պաշտոնական տեսակետն է, և բոլոր այն կուսակցությունները, ովքեր ուզում են ԲՀԿ-ի հետ միասնաբար գնալ ընտրությունների, նախևառաջ պետք է հայտարարեն, որ ընդունում են ԲՀԿ-ի առաջնորդությունը:
Ինքնըստինքյան պարզ էր, որ որևէ կուսակցություն չի գնա այն աստիճան ինքնանվաստացման ու ինքնաստորացման, որ հրապարակայնորեն ընդունի ԲՀԿ առաջնորդությունը: Միանգամայն հնարավոր է, որ և՛ ՀՅԴ, և՛ ՀԱԿ, և՛ նույնիսկ «Ժառանգության» ներկայացուցիչները համաձայնեին, որ միասնական ցուցակը գլխավորի Վարդան Օսկանյանը: Որովհետև, եթե իրենք ընտրությունները վերածում են վստահության հանրաքվեի, ապա Վարդան Օսկանյանը կարող էր լինել առաջին համարի ամենաընդունելի թեկնածուն: Այդ դեպքում ցուցակի մյուս համարները կամ քաղաքական գործիչների դասավորությունը դառնում էին երկրորդական: Այսպես թե այնպես, եթե ցուցակը գլխավորում էր Վարդան Օսկանյանը, ստացվում էր, որ այդ միավորումը կայացել է ԲՀԿ առանցքի շուրջ:
Բայց Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ վիժեցրեց միավորման որևէ հնարավորություն՝ ստիպելով, որ այդ միավորման պոտենցիալ մասնակիցներից յուրաքանչյուրը մտածի ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին:
ԲՀԿ ղեկավարի ինչի՞ն էր պետք վիժեցնել միավորումը, եթե այդ միավորումը գլխավորելու էր իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչը: Ծառուկյանը, թերևս, մտածել է, որ այդ միավորումը կարող է լինել ոչ միայն իշխանության, այլ նույնիսկ իր՝ որպես կուսակցության ղեկավարի, վստահության հանրաքվեն:
Եթե ինքը չի մասնակցում նախագահական ընտրություններին և հայտարարում է չեզոքության մասին, իսկ Վարդան Օսկանյանը կարողանում է իր շուրջ համախմբել ընդդիմադիր կուսակցություններին և իշխանությանը մարտահրավեր է նետում, ապա հասարակության համար պարզ է դառնում, թե ո՛վ է այդ կուսակցության առաջնորդը:
Իսկ այսպես իրավիճակը բոլորովին այլ է. Վարդան Օսկանյանի գլխավորած ԲՀԿ ցուցակն ավելի քիչ քվեներ կստանա, քան 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստացավ Հարություն Քուշկյանի գլխավորած ԲՀԿ ցուցակը: Եվ բոլորը միանգամից կհասկանան, որ կուսակցության իրական առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է: Որտեղ նա չկա՝ իր անձով, իր դեմքով, այնտեղ ԲՀԿ-ն լուրջ հաջողության հասնելու հնարավորություն չունի: Ու չկա մեկը, ով կարողանա փոխարինել նրան: