«Քաղաքական այս զարգացումների ֆոնի վրա ճիշտ կլինի, որ ոչ իշխանական ուժերը միասնաբար մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին»

168.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա «Ժառանգություն» կուսակցությունը որոշում չունի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ՝ չնայած այն հանգամանքին, որ առաջադրման ժամկետները սեղմ են, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Այո, ժամկետները սեղմ են, բայց կարծում եմ՝ դեռ ժամանակ կա այդ հարցը քննարկելու համար: Մենք հարցը քննարկում ենք: Մեր մոտեցումն այս հարցի շուրջ այն է, որ քաղաքական այս զարգացումների ֆոնի վրա ճիշտ կլինի, որ ոչ իշխանական ուժերը միասնաբար մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին: Սրա ուղղությամբ այս պահին կոնսուլտացիաներ են իրականացվում»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ բանակցությունների գործընթացը նոր է սկսվել, բայց այն կկրի շարունակական բնույթ, իսկ արդյունքները կերևան այն ժամանակ, երբ դրանք կավարտվեն:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության հետ կոնսուլտացիաներ, քննարկումներ այլևս չեն արվում՝ դատելով այն հրապարակումներից, որ արդեն հայտնի են ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տալ ԲՀԿ-ին: Ես չգիտեմ՝ որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները, քանի որ այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մեր մոտեցումը, համենայնդեպս, չի փոխվում: Մենք գտնում ենք, որ պետք է միասնական լինել»:

Հարցին, թե մասնավորապես ԲՀԿ-ի հետ բանակցություններ այդ ուղղությամբ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ չի ցանկանում անդրադառնալ բանակցությունների ընթացքին՝ հիշեցնելով ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը:

Ռուբեն Հակոբյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս