Մեկուսացման մեջ գտնվող Հայաստանը լուրջ դեր չի խաղում թմրանյութերի տարանցման հարցում. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի «Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկման ռազմավարություն» զեկույցը: Դրանում նշված է, որ Հայաստանը լուրջ դեր չի խաղում թմրանյութերի տարանցման հարցում, քանի որ գտնվում է մեկուսացման մեջ:

Զեկույցում ուշադրություն է դարձված նրան, որ Հայաստանը չունի դեպի ծով ելք, իսկ նրա չորս ցամաքային սահմաններից երկուսը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները, փակ են, ինչն էլ նվազեցնում է Հայաստանի գրավչությունը որպես թմրանյութերի փոխադրման երթուղի:

Փաստաթղթում նաև նշված է, որ Հայաստանում թմրանյութերի արտադրությունը մեծ չէ, իսկ դրանց սպառման մակարդակը չափավոր է: Ընդ որում, Հայաստանում ամենատարածված թմրանյութը մարիխուանան է: Նախորդ տարի Հայաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են 82 տոննա մարիխուանա:

Զեկույցում ասվում է, որ հաշվետու ժամանակահատվածում նվազել է Հայաստանում առգրավված թմրանյութերի ծավալը: Հայաստանի ոստիկանությունն այդ փաստը բացատրում է 2011-2012 թվականներին թմրանյութերի շրջանառմամբ զբաղվող մի շարք խմբերի վնասազերծմամբ: Միևնույն ժամանակ աճում են սահմանային Մեղրի քաղաքի և Արաքս գետի միջով Իրանից Հայաստան թմրանյութ փոխադրելու փորձերը:

Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը բախվում են առավել էական մարտահրավերների: Թմրանյութերի փոխադրման հիմնական երթուղիներից մեկը մեկնարկում է Աֆղանստանից և Իրանի միջով մուտք է գործում Ադրբեջան ու Վրաստան, որտեղից էլ այն հասնում է Ռուսաստան ու Եվրոպա: Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ Ադրբեջանի տարածքով տարեկան փոխադրվում է 11 տոննա հերոին:

Վրաստանը բնութագրվում է նաև թմրանյութերի սեփական ընդհատակյա արտադրությամբ, այդ թվում նաև ամֆետամինների հիման վրա ստեղծվածների: Զեկույցում նաև ասվում է, որ վերջին շրջանում Վրաստանում հայտնի է դարձել նաև «կոկորդիլոս» տեսակի թմրանյութը:

Տեսանյութեր

Լրահոս