«Ի՞նչ են բոլորը խառնվել իրար»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը

– Շուշան, Ձեր անվան, Ձեր անձի շուրջ բարձրացված բողոքի, դժգոհությունների և քննադատությունների ալիքն ինչպե՞ս կմեկնաբանեք: Արդյո՞ք այդ ալիքը սկիզբ առավ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարում Ձեր հնչեցրած մի շարք արտահայտություններից հետո:
– Հաղորդման մեջ իմ հնչեցրած որևէ արտահայտություն չի քննադատվում: Քննադատվում են բաներ, որոնք չեմ ասել: Օրինակ, քննադատվում է միտք, որ Մարտի 1-ը համարում են նորանկախ Հայաստանի ամենաողբերգական դեպքը: Ես էլ ասացի` ո՞նց, բա «Հոկտեմբերի 27»-ը: Կոնտեքստով երկուսն էլ նման են, որովհետև երկուսն էլ հայը հայի դեմ զենք բարձրացրած ողբերգություններ են: Եվ հետո, ես շարունակեցի` «բա սահմանի վրա զոհվող զինվորները թուրքի կողմից չի՞ նշանակում, որ ողբերգություն կա, որովհետև պատերազմը շարունակվում է»: Բայց այս կոնտեքստը բոլորովին այլ ձևով է ներկայացված: Սրանք տարանջատված և ուրիշ ձևով են ներկայացված: Ես ասացի, որ Մարտի 1-ը միակ ողբերգությունը չէ, և եղել են այլ ողբերգություններ ևս: Ես խոսեցի ընտրակաշառքի մասին` համարելով կաշառք տալն ու վերցնելը մեղք: Անկեղծ, զարմանում եմ, որ այդ հաղորդման մեջ եղած կինը` գյումրեցիների անունը տալով, ասաց, որ գյումրեցիները վերցրին կաշառքը և իրենց ձայնը տվին Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես էլ ասացի, որ, իհարկե, ազնիվ չէ կաշառք վերցնելը և ազնիվ չէ կաշառք տալը: Եթե ես ինչ-որ նոր Ամերիկա եմ հայտնաբերել, ուրեմն` բրավո ինձ, որ դեռ կան բաներ, որոնք կարելի է հայտնաբերել այսօր մարդկային պարզ ճշմարտությունների և Աստծո պատվիրանների մեջ: Սա ի՞նչ իրարանցում է: Գուցե արհեստածին խնդի՞ր են ստեղծում, գուցե ինձ համարում են թույլ օղա՞կ: Ես ուզում եմ հայտարարել, որ ճշմարտություն ասող մարդը երբեք չի խաբում, ասում է այն, ինչ մտածում է` առանց հաճոյանալու: Ես ընտրելով Սերժ Սարգսյանին, երբեք չեմ հաճոյանում նրան, այլ ես այդպես մտածում եմ, որ այսօր կայուն վիճակ է Հայաստանում ինձ համար: Կայուն վիճակն առաջին հերթին` սահմանն է: Լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, որն անբեկանելի ճշմարտությունն է: Եթե կա մեկը, որ պիտի ասի իր տարբերակը, պետք է փորձի համոզել: Ես իմ կարծիքը մատի փաթաթան չեմ անում: Եթե ինձնից պահանջում են, որ համաձայնեմ իրենց հետ` դա արդեն բռնություն է: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել, որ թեկնածուների մասին զազրախոսեմ, էլ չեմ ասում, որ Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանն իմ հարգանքն են վայելում:

 
– Հաղորդման ժամանակ ասացիք, որ հայ ժողովուրդը միշտ էլ խոպանչի է եղել: Իսկ չէ՞ որ Ձեզ վաստակավոր արտիստի կոչում տվել է հենց այդ ժողովուրդը: 
– Այնքան եմ ուզում, որ ցույց տաք հաղորդման այդ մասը, և ասեք` «Շուշան, նայեք այս րոպեին, Դուք ասել եք նման բան»: Ես երբևէ իմ հաղորդման մեջ խոպանչի բառը չեմ օգտագործել, գոնե վտարանդի ասած կլինեի, բայց` ոչ խոպանչի: Ես չեմ ասել այդ բառը, չգիտեմ, թե ո՞վ է օգտագործել այդ բառը հաղորդման մեջ: Եթե ես այդպիսի բառ օգտագործած լինեի, չէի վախենա ներողություն խնդրել դրա համար:

 
– Միևնույն ժամանակ` ադրբեջանական մամուլն է սկսել քննադատել Ձեզ` համարելով, որ Դուք ադրբեջանական լրտեսական գործունեություն եք ծավալում: Ինչո՞ւ հանկարծ Ձեր հասցեին արվող քննադատությունների ալիքը հասավ Ադրբեջան:
– Եթե որևէ հայ կարող է կասկածել Շուշան Պետրոսյանի` այս հողին կառչած լինելուն, ադրբեջանցին միշտ էլ կկասկածի: Շատ հեշտ, շատ հարմար դիվիդենտ է իր համար:

 
– Իսկ սա առաջի՞ն դեպքն է, երբ ադրբեջանական մամուլն անդրադառնում է Ձեզ:
– 98-99թթ. Ադրբեջանում ես հայտնվել էի «պերսոնա նոն գրատա»-ի ցուցակում:

 
– Այդ դեպքում ի՞նչ է փոխվել հիմա:
– Ոչինչ չի փոխվել: Ես նույն մարդն եմ: Մարդիկ ինչ-որ շատ են խառնվել իրար: Պատգամավորը ծառայության ևս մեկ տեսակ է:

 
– Իսկ ինչո՞ւ միայնակ մնացիք: Ինչո՞ւ, օրինակ, Ձեր կուսակիցները, խորհրդարանի Ձեր գործընկերները, երգարվեստի Ձեր ընկերները չպաշտպանեցին Ձեզ:
– Երևի վախենում են: Մարդիկ վախենում են սկանդալներից: Մարդիկ վախենում են, որ ավելորդ անգամ իրենց անունները շոշափվեն: Իսկ ինձ թվում է` այդ վախից ավելի բարձր է ընկերության խորհուրդը, ինչն ինձ համար միշտ բարձր է եղել: Կարծում եմ` իմ կյանքի պատմությամբ, իմ խենթ ու խելառ արարքներով իմ ընկերների կողքին գտնվելը, բազմիցս ցույց եմ տվել, և երբեք չեմ արել որևէ ակնկալիքի համար: Ապրում եմ այնպես, ինչպես ապրել եմ:

 
– Չե՞ք նեղացել Ձեր ընկերներից:
– Ոչ, ինչո՞ւ նեղանամ: Թույլ մարդուց ո՞նց նեղանաս: Չար մարդուց ո՞նց նեղանաս, չարությունը թուլության նշան է, որովհետև չար մարդը չկայացած մարդն է, թույլ մարդն է:

 
– Շուշան, ՀՀԿ պատգամավորները, երբ իրենց կուսակից ընկերներից որևէ մեկին քննադատում են, հանդես են գալիս պաթետիկ հայտարարություններով` ի պաշտպանություն իրենց գործընկերոջ: Հիմա ո՞ւր են այդ պատգամավորները:
– Հարցրեք նրանց, թե ո՞ւր են: Ես ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ Մարգարիտ Եսայան, Հովհաննես Սահակյան` մարդիկ, ովքեր իսկապես բարձր են գնահատում ընկերությունը, և, հավանաբար, գիտեն իմ՝ Հանրապետական կուսակցություն գալու կոնցեպցիան: Դա բոլորովին մոդան չէ, եթե տեսնում եք` ես բավական պրոբլեմներ եմ ձեռք բերել Հանրապետական կուսակցությունում հայտնվելով: Ես շատ սիրում եմ Գարեգին Նժդեհի կերպարը, շատ հարգել եմ Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին, իմ սերնդի հերոսն է սպարապետ Վազգեն Սարգսյանը, և ես շատ հարգում եմ Սերժ Սարգսյանին` մարտիկ Սերժ Սարգսյանին: Ես եկել եմ իմ իդեայով, իմ իդեոլոգիայով, և եթե որևէ մեկն այլ ծրագրով է եկել Հանրապետական կուսակցություն, վաղը կդառնա ուրիշ կուսակցության անդամ, և դա իրենց խնդիրն է, դա իրենց անցած ճանապարհն է: Իմ ճանապարհը հստակ է:

 
– Միևնույն ժամանակ Ձեր խմբակցության շարքերում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են` Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան և այլք: Տեսնո՞ւմ եք Ձեզ այդ պատգամավորների կողքին` երկիրը զարգացնելու հարցում:
– Չգիտեմ, մենք չենք շփվում իրար հետ: Գիտեք ինչ, բարևն Աստծունն է: Գիտե՞ք` Հանրապետական կուսակցության քանի՞ անդամ կա Հայաստանում` 16.000:

 
– Բայց խոսքը պատգամավորների մասին էր:
– Պատգամավորը ծառայելու ձև է, խնդիրը Հանրապետական կուսակացությունն է: Այսօր Ազգային ժողովում կան հանրապետական փայլուն պատգամավորներ` ինտելեկտուալ, պատրաստված:

 
– Ովքե՞ր են:
– Եթե հիմա նշեմ մի քանիսին, ազնիվ չի լինի, ես կարող եմ առանձին նշել Ձեզ համար: Ես հիացած եմ այդ մարդկանցով: Ես էլ ամբոխի պես մտածել էի, որ «հա՜, հանրապետականներն իրար նման են»: Այդպիսի բան չկա: Ամեն դեպքում ես ինձ երբեք չեմ դավաճանում` մինչև մի բան չտեսնեմ, չեմ խոսի: Այդպես եղավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ժամանակ, այդպես է առհասարակ:

 
– Չե՞ք զղջում պատգամավորության մանդատ ստանալու համար:
– Պատգամավորական մանդատի համար չեմ զղջում:

 
– Խորհրդարանում հայտնվելու համա՞ր:
– Ես այնտեղ գնացել եմ ծառայելու համար: Ես հոգնեցի անվերջ բողոքներ լսելով, անվերջ նեգատիվ լսելով, քարկոծելով, ոչ մի բան չանելով: Ասենք, ի՞նչ կարիք կա քարկոծել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: 1 րոպեանոց թրեյլերը տեսնելուց հետո ո՞նց կարելի է քարկոծել ամբողջ ֆիլմը:

 
– Եթե դիտարկենք Ձեր` խորհրդարանում հայտնվելը: Պատկերացնո՞ւմ էիք այդ աշխատանքը:
– Դուք ծանո՞թ եք իմ աշխատանքին:

 
– 1-2 անգամ լսել եմ Ձեր հայտարարություններն Ազգային ժողովի նիստերին:
– Ես իմ կյանքում երբեք չեմ խոսել իմ աշխատանքի մասին, երևի պետք էր խոսել, չեմ զղջում, բայց պարզվում է, որ պետք է խոսվեր: Երևի պետք է ֆիլմ նկարվեր, թե ես ինչեր եմ արել:

 
– Շատերն են այդ հարցը տալիս` ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը հայտնվեց խորհրդարանում, արդյո՞ք նա որևէ աղերս ուներ քաղաքականության հետ: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ:
– Ես ինձ տեսնում եմ մշակույթի մեջ, ես մշակույթի մարդ եմ, բայց չէ՞ որ Ազգային ժողովում կա հանձնաժողով, որը կոչվում է կրթություն, գիտություն, մշակույթ: Ի՞նչ եք կարծում` Մշակույթի հանձնաժողովում պետք է միայն մանկավարժներ և գիտնականնե՞ր լինեին, մի՞թե վատ է, որ, ըստ այն ժամանակվա կարծիքների, ինտելեկտուալ և լավ արվեստագետ Շուշան Պետրոսյանը լինի այդ հանձնաժողովի անդամ և փորձի հարցեր բարձրացնել մշակույթի ասպարեզում բավական հիվանդոտ խնդիրների մասին: Վա՞տ բան է դա: Ի՞նչ են բոլորը խառնվել իրար: Այո՛, մշակույթը քաղաքական ստրատեգիական զենքերից մեկն է աշխարհում որևէ ժողովուրդ ներկայացնելու համար, բայց այդ մշակույթն այսօր խեղաթյուրված է և, փոխանակ ժողովրդի անվերջ բողոքը լսել, գուցե ինչ-որ մեկն ասեր, ովքե՞ր են այդ քաջարիները: Սրճարաններում ծխախոտ ծխելով` բամբասում-բամբասում, բողոքում-բողոքում են, քարկոծում են նրան, ով ինչ-որ բան է ցանկանում անել: Իրենք անեին: Չէ, նյարդերս չդիմացան, ասացի` ես գնամ, ես անեմ: Եթե ինչ-որ բան չէի պատկերացնում, դա չարությունն էր: Փաստորեն, այնքան մարդիկ էին սպասում, որ զոհ գտնեին: Ես երբեք տգիտությանը զոհ չեմ գնա:

 
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են մարդիկ հավաքվել Ազատության հրապարակում: Ո՞րն է այսօր այդ քաղաքացիական հասարակության պահանջը: 
– Որովհետև մարդիկ դժբախտ են, լավ չեն ապրում, դժվարություն ունեն: Մյուս մասը նույն ձևով հավաքվում էր ՀԱԿ-ի հավաքներին և, ընդհանրապես, բոլոր ընդդիմությունների և դիմությունների հավաքներին:

 
– Համամի՞տ եք, որ մտավորականը պետք է ունենա քաղաքացիական դիրքորոշում: Եթե չեմ սխալվում, հիշյալ հաղորդման մեջ նշել էիք, որ արվեստագետը պետք է ընդդիմադիր չլինի: 
– Ես ասել եմ` պարտադիր չէ, որ արվեստագետն ընդդիմադիր լինի: Ես ընդդիմադիր չեմ: Եվ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ, եթե ես այսպես եմ մտածում, ուրեմն ընդդիմադիրն իմ թշնամին է: Ես շատ ընկերներ ունեմ ընդդիմադիր դաշտում, ովքեր ինտելեկտուալ մարդիկ են: Ես ինձ երբեք թույլ չեմ տա որևէ մեկին, որ այլախոհ է` քարկոծել, վիրավորել, և էլ չեմ ասում` վիրավորանքները հասցնել այնպիսի մանրամասների, որ հասնի, ասենք, արտաքինի քննարկմանը, վիրավորել դիմացինիս արտաքինի` նիհարության, գիրության, բոյովության, կարճահասակության համար, վիրավորել դիմացինիս` էժանագին ֆոտոներ անելով, կոլաժներ անելով, ընտանիքը քննարկելով` ես դա ինձ թույլ չեմ տա: Ինչպե՞ս կարող եմ խոսել խոպանի մասին, եթե մայրս ապրում է ոչ Հայաստանում:

 
– Մի քանի ամիս է` աշխատում եք` որպես պատգամավոր, կնշե՞ք Ձեր ներկայացրած օրինագծերի կամ նախագծերի մասին: Ի՞նչ եք արել: Ի՞նչ արդյունքի եք հասել:
– Մի քանի ամիս է, որ աշխատում եմ: Առաջին ամիսը, բնականաբար, որևէ բան անել չէի կարող, որովհետև ծանոթանում ես ամեն ինչին, երկրորդ ամիսը` արտահերթ նիստեր, երրորդ ամիսը գնացինք արձակուրդ: Եկանք սեպտեմբերին, երբ հայրիկիս էի կորցրել, այսինքն` դրանից 12 օր հետո ես ստիպված էի գալ աշխատանքի, որտեղ էլ արվեց հենց այն վատ նկարը, որ շատ թերթեր օգտագործում են, երբ իմ մասին չարացած ակնարկներ են գրում: Դիմադրողականությունս կորցրած, կորցրած իմ սիրելի հորը, իմ շատ լավ ընկերոջը, իմ դասատուին, ողբերգություն էի ապրում, բայց քանի որ աշխատանքի և խոսքի մարդ էի, գնացել էի աշխատանքի: Եվ այդ ժամանակ հազալու պահին ինձ նկարում են, երբ ես ցավ էի ապրում, և իմ նկարները հայտնվում են համացանցում, կոլաժներ են անում Բոտերոյի արձանի հետ, որովհետև դե գեր եմ, իսկ գեր կնոջը քննարկող տղամարդը` չգիտեմ, թե ո՞նց կարող է տղամարդ կոչվել: Գիտեք, ես ավելի շատ մտածում եմ աճող սերնդի մասին, որը դաստիարակվում է մեծերի օրինակով: Իսկ իմ չափանիշներով հայ տղամարդն ուրիշ ձև է եղել, մեր քաղաքի տղերքը միշտ ուրիշ են եղել` կնամեծար են եղել, դրա համար դա տխրեցնում է ինձ, որովհետև իմ տղերքն էլ են մեծանում այս քաղաքում, ես չեմ ուզում, որ իրենք դա տեսնեն:

 
– Այսօր ստորագրահավաք են կազմակերպել` Ձեր վաստակավոր արտիստի կոչումից զրկելու պահանջով: 
– Ինչո՞ւ, այդ 20-30 հոգի՞ն են տվել ինձ այդ կոչումը: Ո՞ւր էին նրանք 20 տարի առաջ: Ախր, այդ ժամանակ նրանք չէին էլ ծնվել: Ուղղակի ուզում եմ հարց տալ. ինչո՞ւ են ինձ ուզում զրկել վաստակավորի կոչումից. որովհետև ես ծառայում եմ իմ գաղափարի՞ն, թե՞ բռնանում եմ իրենց գաղափարին, որովհետև ես դժբախտությո՞ւն եմ բերում այս երկրին, համաշխարհային ճգնաժա՞մն եմ ստեղծել, արդյոք 88-ի երկրաշարժը ե՞ս եմ կազմակերպել, գուցե պատերա՞զմն եմ ես արել, թե՞ ես եմ թույլ տալիս, որ օլիգարխները չափ ու սահմաններն անցնեն, գուցե ե՞ս եմ հրահրում իրենց: Ինչի՞ ես, որովհետև ինձ թույլ օղա՞կ են համարում: Ոչ, ես թույլ չեմ: Փառք տիրոջը, այնքան ուժեղ եմ, որ գիտակցում եմ Աստծո պատվիրանները:

 
– Իսկ հնարավո՞ր է, որ դուրս գաք խորհրդարանից:
– Ինչի՞ համար, ես մինչև վերջ պիտի գնամ, պիտի աշխատեմ մինչև վերջ: Ինչքան ինձ տրված է, այնքան կաշխատեմ:

 
– Կան խոսակցություններ, որ Ձեր ամուսինը Մարտի 1-ի դեպքերի մեղավորներից է: Եվ դա է պատճառը, որ Դուք փորձում եք մեղմացնել Մարտի 1-ի ողբերգությունը:
– Հարցը սխալ տեղ է գնում: Ես չեմ ասում, թե Մարտի 1-ը ողբերգություն չէ, բայց մի՞թե դա է միակ ողբերգությունը մեր 20-ամյա պատմության մեջ: Ամուսինս եղել է Հատուկ նշանակության ջոկատի աշխատակից, 10 տարի աշխատել է այնտեղ: Որևէ սխալ քայլ իրեն թույլ չի տվել, որովհետև նա արժանապատիվ մարդ է, իսկ մարդիկ, ովքեր իրենց մեղադրել են, 3 տարի հետո ներողություն են խնդրել դրա համար, մինչդեռ այդ 3 տարին թունավորել էին մեր կյանքը: Ամուսինս վաղուց չի աշխատում Ներքին գործերի նախարարությունում: Հիմա նա աշխատում է բոլորովին ուրիշ ոլորտում: Այդ ժամանակ մեր կյանքը թունավորեցին: Նորաստեղծ ընտանիք, նոր ծնված երեխա, գիտե՞ք` ինչ սթրեսներ էին, որոնք ստեղծվել էին ստի, չարության վրա: Ուղղակի քարկոծել, մեղադրել, սպառնալ, որ երեխաներիս սպանելու են իմ տան շեմին, այդ ամենի միջոցով ես անցել եմ: Այս չարությունն ինձ ծանոթ էր:

 
– Ի դեպ, որքան տեղյակ եմ՝ Ռուբեն Հախվերդյանի հետ հարևաններ եք, բնակվում եք նույն շենքում: Նա երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դուք Պաշտպանության նախարարությունից մեծ գումարներ եք ստանում: Ճի՞շտ է դա:
– Ես երբևէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, և հետո գալիս-ասում էր` սրան քցեցի, նրան քցեցի` կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին` իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետև ես պետականորեն եմ մտածում:

Տեսանյութեր

Լրահոս