Ի՞նչ կորոշի «Բարգավաճ Հայաստանը»
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ենթադրվում էր, որ պետք է որոշվեր թե ի՞նչ կազմով է ԲՀԿ-ն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, սակայն այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել: Ավելին, նման հարց կուսակցության քաղխորհրդի օրակարգում ընդհանրապես չի եղել: Մինչ այդ Երևանի քաղաքապետի ընտրություններում քննարկվում էր Գուրգեն Արսենյանի, Նաիրա Զոհրաբյանի կամ Վարդան Օսկանյանի դեմքով մասնակցության հարցը: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ԲՀԿ-ն առաջադրվելիք թեկնածուների ցուցակը կներկայացնի մարտի 1-ին: Վերոնշյալ երեք անձինք հրաժարվում են գլխավորել Երևանի ավագանու թեկնածուների ցուցակը: ԲՀԿ ղեկավարն էլ իր անհանգստություններն ունի այս կապակցությամբ: Չմասնակցելու դեպքում քաղաքական գործընթացներից առհասարակ կարող է ԲՀԿ-ն դուրս մղվել՝ փոշիացնելով մարդկային ռեսուրսը, իսկ մասնակցության դեպքում ԱԺ ընտրությունների ընթացքում հավաքած ձայների համեմատ քիչ ձայներ կհավաքի (քանի որ «Ժառանգությունն»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի զգալի ձայներ կհավաքի), ինչը մեծ վնաս կարող է հասցնել ԲՀԿ վարկանիշին առհասարակ: