Րաֆֆին հրավեր է ուղարկել՝ իմանալով, որ այն չի ընդունվելու
Նախկին հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին, Տարոն Մարգարյանին և Տիգրան Սարգսյանին պաշտոնապես հրավիրեց Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու այսօրվա հանրահավաքին և հաշվետվություն ներկայացնելու հասարակության առջև:
Այսօր, սակայն, ՀՀԿ-ական պաշտոնյաներից և ոչ մեկն Ազատության հրապարակ չգնաց: Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց բացակայության կապակցությամբ ասաց.
«Այս հրաշալի եղանակին, այս ձյան տակ, մենք հրավիրեցինք երեք գործող և շուտով նախկին պաշտոնյաների՝ գալու այստեղ: Ես իրենց գրավոր նամակով հրավիրեցի, բայց իրենք չեկան: Անգամ մեծ փառքի շրջանում, քրիստոնեական այս ինքնամաքրման շրջանում, իրենք չուզեցին ժողովրդի հայացքը կիսեն ու հաշվետվություն ներկայացնեն: Ոչ էլ ինձ ռիսկ արեցին հրավիրել իրենց մոտ, որովհետև գիտեն, որ եթե հրավիրեին, ապա ես կգնամ ու կներկայացնեմ պահանջները մարդկանց»:
Զարմանալին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավեր է ուղարկել՝ հույս ունենալով, թե նշված պաշտոնյաներից որևէ մեկը կարող է ընդունել իր այդ տարօրինակ առաջարկը: