Հայաստանում Dial-up ինտերնետը աստիճանաբար վերանում է
Հայաստանում բջջային GPRS ինտերնետ օգտագործողների թիվը 2012թ.-ի հոկտեմբերի դրությամբ կազմում է 1.885.037: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում զգալիորեն նվազել է ֆիքսված հեռախոսացանցով (dial-up) բաժանորդների թիվը: 2012թ.-ի հոկտեմբերի դրությամբ dial-up բաժանորդների թիվը կազմում է 2463: Նշենք, որ նախորդ տարիների հետ համեմատած այս թիվը գնալով նվազում է, օրինակ՝ 2010թ.-ին այն կազմել է 1.1 մլն, իսկ 2009թ.-ին՝ 550 հազար:
Այս ամենը փաստում է, որ Հայաստանում շարժական ինտերնետը գնալով ավելի լայն տարածում է գտնում, իսկ dial-up-ը գնալով զիջում է իր դիրքերը, և հնարավոր է՝ մոտ ապագայում այն ընդհանրապես վերանա:
Տեղեկացնենք, որ ընդհանուր առմամբ, 2012թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ընդհանուր ինտերնետ օգտագործողների թիվը՝ բջջային և ֆիքսված հեռախոսացանցով, կազմում է 1 887 500: Սրանք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ամփոփված վերջին տվյալներն են: