Սիրիացի ապստամբներն առաջին անգամ շրջկենտրոն են գրավել և գերել նահանգապետին (տեսանյութ)
Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները շուրջ երկու տարի ընթացող սիրիական հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ կարողացել են ամբողջովին վերահսկողություն հաստատել երկրի նահանգներից մեկի կենտրոնի վրա:
Ապստամբները հայտարարել են, որ գրավել են Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Ռաքքա քաղաքը, որը հանդիսանում է նույնանուն նահանգի կենտրոնը և տրանսպորտային կարևոր հանգույց: Դրանից հետո YouTube վիդեոհոսթինգում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքի կենտրոնում տապալում ներկայիս նախագահ Բաշար Ասադի հայր և նախորդ նախագահ Հաֆեզ Ասադի հուշարձանը:
Սիրիացի ապստամբները գերի են վերցրել Ռաքքայի նահանգապետ Հասան Ջալիլիին, ինչպես նաև իշխող «Բաաս» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարին: Այդ կառավարական չինովնիկները դարձան 2011 թվականի մարտից ընթացող բախումների պատմության ընթացքում ապստամբների ձեռքն ընկած ամենաբարձրաստիճան գերիները: