Արգենտինան չի ճանաչի Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության մասին հանրաքվեի արդյունքները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա հանգստյան օրերին Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներում անցկացվելու է հանրաքվե՝ կապված նրա հետ, որ Մեծ Բրիտանիան ու Արգենտինան վիճարկում են այդ կղզիների պատկանելության հարցը:
Այս կապակցությամբ Լոնդոնում Արգենտինայի դեսպան Ալիսիա Կաստրոն հայտարարել է, որ այդ հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդի արշիպելագի պատկանելության հարցում Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև առկա տարաձայնությունների վրա:
Կաստրոն ընդգծել է, որ իրենք հաշվի չեն առնելու այդ հանրաքվեի արդյունքները, քանի որ այն հավանության չի արժանացել ՄԱԿ-ի կողմից: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչն իր հերթին քննադատել է Արգենտինային, որ վերջինս նախքան քվեարկության կայացումն արդեն իսկ հայտարարել է դրա արդյունքները չճանաչելու մասին:
Ակնկալվում է, որ այդ հանրաքվեի արդյունքներով Ֆոլքլենդյան կղզիների (Արգենտինան դրանք անվանում է Մալվինյան) բնակիչները կհաստատեն բրիտանական ծովային տիրույթ մնալու իրենց ցանկությունը:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ էլ Արգենտինան Մեծ Բրիտանիային մեղադրել էր Ֆոլքլենդյան կղզիների շուրջ ատոմային սուզանավեր կենտրոնացնելու մեջ: Ֆոլքլենդյան կղզիների պատճառով Մեծ Բրիտանիան ու Արգենտինան պատերազմել են 1982 թվականին, ինչն ավարտվել է վերջինիս պարտությամբ: Այս կղզիների շուրջ հակամարտությունը վերստին սրվել է այն բանից հետո, ինչ 2010 թվականին բրիտանացիները սկսեցին կղզիների շուրջ իրականացնել նավթահանքերի հետախուզման աշխատանքներ: