Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունը քրդերի հետ պլանավորել է «խաղաղության համերգ»

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելուց բացի, պլանավորել է հատուկ համերգ, որին մասնակցելու են թուրք հայտնի եգչուհի Սեզեն Աքսուն և քուրդ հանրաճանաչ երգիչ Շիվան Փերվերը:

Այդ համերգը պետք է տեղի ունենա Դիարբեքիրի նահանգում կամ Էրբիլում (Հյուսիսային Իրաք), մարտի 21-ին՝ Նովրուզին, ինչը կարևոր տոն է քուրդ ժողովրդի համար: Նշվում է, որ այդ օրն Օջալանը հրապարակավ անելու է հրադադարի մասին իր կոչը:

Աքսուն ու Փերվերը ելույթ են ունենալու բազմահազարանոց լսարանի առջև՝ կատարելով թուրքերենով ու քրդերենով երգեր: Անկարան նախընտրում է այդ համերգն անցկացնել Դիարբեքիրում: Բայց ավելի մեծ են Էրբիլի հնարավորությունները, քանի որ Փերվերը հրաժարվում է վերադառնալ Թուրքիա, քանի դեռ այնտեղ չի լուծվել «Քրդական հարցը»:

Համերգի անցկացման նախագիծը դեռ գտնվում է քննարկման փուլում, սակայն Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով հաջորդ շաբաթ մեկնում է Գերմանիա, պլանավորել է հանդիպել Փերվերի հետ: Հույսեր կան, որ ծագումով Ուրֆայից քուրդ երգիչը չի հրաժարվի իրեն ներկայացված գաղափարից:

Ոչ վաղ անցյալում Փերվերը լարված հարաբերությունների մեջ էր Օջալանի հիմնադրած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ: Դեռ հայտնի չէ համերգին մասնակցելու Սեզեն Աքսուի պատրաստ լինելու հարցը: Մի քանի տարի առաջ Փերվերը քննադատել էր Սեզեն Աքսուին՝ խաղաղության համերգին մասնակցել հրաժարվելու համար:

Եթե Աքսուն այս անգամ էլ հրաժարվի այդ համերգին մասնակցելուց, ապա երկրորդ այլընտրանքը կարող է դառնալ «թուրք մեգաաստղ» Թարքանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս