Ապարանցիների հերթական հերոսությունը. փրկարարները ոտքով հիվանդներին տեղափոխել են 1.5 կիլոմետր
Այսօր` մարտի 4-ին, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի պետ Հայկ Արշակյանի, հրշեջ-փրկարարներ Սիսակ Կարապետյանի, Մուշեղ Գևորգյանի, Արմեն Սահակյանի, Գեղամ Հայրապետյանի, Հարութ Եղիազարյանի և Գարիկ Պողոսյանի ուժերով, Նիգավան գյուղից 2 քաղաքացու տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը առավոտյան Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Նիգավան գյուղի 58-ամյա բնակիչ Պետրոս Մարտիրոսյանը վիրահատման նպատակով պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները մեկնում են Նիգավան, սակայն ճանապարհն ամբողջովին անանցանելի է լինում այն աստիճան, որ իրենց «Ուրալն» անգամ չի անցնում ճանապարհը ձյան պատճառով: Մնացած ճանապարհը շարունակում են ոտքով և այդ ժամանակ հերթական կանչն են ստանում, որ նույն գյուղի 18-ամյա բնակիչ Ռազմիկ Մարտիրոսյանը կույրաղիքի շրջանում առաջացած ցավերի հետևանքով պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց:
Եվ մինչ Ռ. Մարտիրոսյանին փրկարարները մեկուկես կմ պատգարակով կտեղափոխեին դեպի իրենց ավտոմեքենան, 58-ամյա Պ. Մարտիրոսյանը` իր հարազատների օգնությամբ, հասնում է փրկարարներին, որից հետո Ռ. և Պ. Մարտիրոսյանները, որոնք իրար հետ ազգակցական կապ չունեն, փրկարարների օգնությամբ տեղափոխվում են հիվանդանոց: