Բաժիններ՝

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ՝ 259, որոնցից 50-ը հասարակական ու միջազգային կառույցներ են: Այս մասին այսօր հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը:

2012 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնել է 231 թեկնածու, որոնցից 43-ը՝ հասարակական ու միջազգային կառույցներ: Նախորդ տարի այն շնորհվեց ԵՄ-ին՝ ժողովրդավարության ու խաղաղության հարցում իր 60-ամյա ներդրման համար:

Օսլոյում գործող այդ հանձնաժողովին թեկնածուների ու համապատասխան փաստաթղթերի ուղարկումն ավարտվել է փետրվարի 1-ին: Դրանից հետո Նոբելյան հանձնաժողովի քարտուղարն անդամներին ներկայացնում է մրցանակին հավակնողների ցուցակը, որում սովորաբար լինում է 150-200 անուն:

Դրանից հետո սկսվում են ակտիվ քննարկումներ ծավալվել առավել այժմեական թեկնածուների շուրջ, և վերջին հաշվով հավակնորդների ցուցակը կրճատվում է մինչև 5-20 անվան (ակտիվիստ կամ կազմակերպություն): Հենց այդ կրճատված ցուցակն էլ ուղարկվում է Նոբելյան ինստիտուտի մշտական խորհրդատուների դիտարկմանը: Սովորաբար այդ աշխատանքի համար նրանց տրվում է մոտ 2 ամիս ժամանակ:

Նոբելյան մրցանակի քվեարկությունը սովորաբար անցկացվում է հոկտեմբերի սկզբին, և քվեարկության արդյունքներն անմիջապես հայտարարվում են պաշտոնապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս