TANAP գազատարը կարող է ադրբեջանական գազը հասցնել Ուկրաինա. Վիկտոր Յանուկովիչ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելոբ ուկրաինական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է ադրբեջանական գազ ստանալում.
«Կառուցվելիք «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով հասցնելու է Եվրոպա, կարող է գազը փոխադրել Ուկրաինայի արևմտյան սահման:
Ուկրաինան կարող է ադրբեջանական գազը մղել իր ստորգետնյա գազապաստարաններ, ինչը կնպաստի երկրին էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացմանը: Մենք ցանկանում ենք, որ այդ գազատարը թեքվի դեպի Ուկրաինա և Արևմտյան Ուկրաինայով անցնի դեպի Եվրոպա»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ցանկանում է գազի հեղուկացման տերմինալ կառուցի Վրաստանի սևծովյան հատվածում, որտեղից իր գազը լցանավերով կարող է հասցվել Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա: Ուկրաինան նույնպես կողմ է դրան:
Սակայն դրան կտրուկ դեմ է Թուրքիան, ով իրադարձությունների նմանատիպ ծավալման դեպքում հայտնվում է խաղից դուրս վիճակում` թույլ չտալով, որ Ադրբեջանը նվազեցնի սեփական գազը Եվրոպա հասցնելու հարցում Թուրքիայից ունեցած տարանցիկ մեծ կախվածությունը: