Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ վնասազերծեցին «չենջից» խոշոր գումար հափշտակող դիմակավորված երիտասարդին
Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի, Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ավանի ոստիկանության բաժանմունքի օպերատիվ հետախուզական քննչական խմբերը ժամանեցին Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի դիմաց գտնվող տարադրամի փոխանակման կետ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի համայնքային ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ հափշտակություն կատարած և փախուստի դիմած դիմակավորված անձին:
Նշվում է, որ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով՝ հանցագործություն կատարած անձին տեղափոխել են ոստիկանության Ավանի բաժանմունք:
Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են. «Մեկ էլ տեսանք՝ միլիցեքով, քաղաքացիներով մի հատ ջահելի լարում են, իսկ չենջից մի երիտասարդ աղջիկ, որը պարզվեց աշխատակիցն է, օգնություն էր կանչում, թե՝ տարավ, տարավ»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հափշտակություն կատարող անձը Երևանի բնակիչ 34-ամյա Շահեն Ղուկասյանն է: