ԵՊՀ ռեկտորատը դատապարտում է, որ ի՞նչ անի
ԵՊՀ ռեկտորատն այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները, այդ թվում՝ «ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտությունները», ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստերը և դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքները։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է երկու օր առաջ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին, որին մի կողմից՝ մասնակցում էին դասադուլավորները, մյուս կողմից՝ ԵՊՀ ուսանող ներկայացող մի խումբ երիտասարդներ՝ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի գլխավորությամբ։
Դատապարտումը՝ որպես այդպիսին, ընդունված գործողություն է։ Սակայն «դատապարտել» արտահայտությունն ընկալվում է՝ որպես ֆիկտիվ և «հերթապահ» արձագանք։ Դատապարտում են այն դեպքում, երբ կոնկրետ, իրական լծակներ չկան դատապարտվողին պատժելու համար։ Կամ՝ դատապարտողը չի էլ ցանկանում պատժել, պարզապես ամոթից ելնելով՝ չի կարող լռություն պահպանել և պետք է վերաբերմունք արտահայտի։ Որպես օրինակ՝ կարելի է նշել, երբ միջազգային հանրությունը մշտապես դատապարտում է Հայաստանում կատարվող ընտրակեղծիքները, բայց կեղծիքների թիվն այդ դատապարտումներից երբեք չի նվազում։ Ավելին՝ նույն միջազգային հանրությունը հաջորդ տարիներին հաճույքով աշխատում է կեղծիքներով ընտրված իշխանությունների հետ։
ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունն այս առումով ևս նման է վերը նշված օրինակին։ Լավ՝ միջնամատը ցույց տված աղջկան ԵՊՀ ղեկավարությունը պատժելու հնարավորություն չունի, սակայն ի՞նչ կասեն ռեկտորի օգնականի մասին։ Նրան հո կարո՞ղ են նկատողություն տալ։ Նույնը նաև հայհոյող ուսանողների պարագայում (եթե, իհարկե, նրանք իրոք այս բուհի ուսանողներ էին)։
Ավելի ընկալելի և համոզիչ կլիներ, եթե բարոյախրատական բնույթի այս հայտարարության փոխարեն՝ ռեկտորատը կարճ հաղորդագրություն տարածեր՝ տեղեկացնելով, որ քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցածների նկատմամբ կոնկրետ քայլեր են արվել՝ գոնե նկատողության ձևով։ Սակայն նման քայլերի մասին հայտարարության տեքստում խոսք անգամ չկա։
Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունն ամբողջությամբ։
«Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:
Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն:
Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից:
ԵՊՀ ռեկտորատ»